News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2017-18 ուսումնական տարվան ընդառաջ ողջ հանրապետությունում ընթացող ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները հասել են Արցախ, որոնց մասնակցել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների, դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում նրանց հետ քննարկել է նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրները, ներկայացրել հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաեւ անդրադարձ կատարել «Ուսուցիչ» նախաձեռնությանը:

Իր ելույթում նախարարը նշել է, որ ներկայումս կրթության ոլորտի բարեփոխումները թեւակոխել են նոր փուլ, ուստի շատ կարեւոր է, որ հայկական երկու հանրապետությունների կրթության պատասխանատուները կարողանան դիմակայել կրթության համակարգի առջեւ կանգնած մարտահրվերներին եւ միասնական տեսակետ ձեւավորեն կրթության որակի բարձրացման ուղղությամբ:

Լեւոն Մկրտչյանն ընդգծել է, որ շուրջ երկու տարի է, ինչ Հայաստանի կրթական համակարգը մտել է վերափոխումների նոր շրջան: Նրա խոսքով` անկախության առաջին օրերից ձեւավորվել է ազգային կրթական համակարգ, եւ բարեփոխումները կրել են շարունակական բնույթ: Արդյունքում` ձեւավորվել է աշխարհի համար չափելի, ընկալելի եւ հասկանալի կրթական համակարգ: Առհասարակ, Հայաստանի կրթական ոլորտն ակտիվորեն ներառված է միջազգային կրթական տարածքում, մասնավորապես, եվրոպական քաղաքակրթական համակարգում, որի մեջ են մտնում նաեւ ԱՊՀ երկրները: Հայաստանում հանրակրթությունը 12-ամյա է, եւ ներդրված են չափորոշիչներ, որոնցով այսօր առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը:

ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ մշակվել է Կրթության զարգացման պետական ծրագիրը /մինչեւ 2030 թվական/, որն ունի կարեւոր բաղադրիչներ` հանրակրթության պետական ծրագիր, որն ամբողջությամբ կարգավորելու է կրթության ոլորտի զարգացման հեռանկարները: «Մոտակա մի քանի տարիներին պետք է անցնենք հաջորդ կարեւոր փուլին՝ կրթության որակի ապահովմանը: Այն գերակա է, քանի որ առանց որակի՝ ձեւը շատ արագ կաղավաղվի, եւ մենք կկանգնենք կոտրած տաշտակի առջեւ: Նշեմ, որ կրթական ձեռքբերումները միայն անկախության ժամանակաշրջանով չեն պայմանավորված. դրանց հիմքում նաեւ այն հզոր ներուժն է, որ կուտակել է մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում եւ հատկապես խորհրդային շրջանում, երբ առկա էր բավականին ուժեղ գիտակրթական համակարգ: Բնականաբար, այսօր այդ ներուժը պետք է համապատասխանեցնել մեր կրթական համակարգին»:

Նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ բոլոր բարեփոխումները կմնան թղթի վրա, եթե արմատապես չփոխվի վերաբերմունքը կրթական համակարգի նվիրյալների հանդեպ: «Հետեւաբար, անհրաժեշտ է ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն երկու հարթությունում՝ ուսուցիչն իբրեւ մասնագետ եւ որպես մեր հասարակության ամենաակտիվ եւ նվիրյալ մտավորական, որի սոցիալական վիճակը եւ ապրելաձեւը պետք է համազոր լինեն այն առաքելությանը, որը նա կոչված է իրականացնել»,-նշել է Լեւոն Մկրտչյանը:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարը պատասխանել է նաեւ Արցախի Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների հարցերին, որոնք վերաբերել են «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներին, դասագրքերի որակի, դպրոցում բնագիտական, պատմության առարկաների դրվածքի խնդիրներին:

Իր հերթին Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավիկ Ասրյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության կրթության համակարգում առկա հիմնախնդիրները, որոնք գրեթե նույնական են: Ի տարբերություն Հայաստանի՝ Արցախի կրթական համակարգը դեռեւս չի անցնել 12-ամյա պարտադիր կրթության եւ գործում է դպրոցների ֆինանսավորման բազային բանաձեւը: Սլավիկ Ասրյանի խոսքով` Արցախում գործում է ընդամենը մեկ ավագ դպրոց, որի առջեւ էլ խնդիր է դրված հասնել Արարատյան բակալավրիատի մակարդակի: Արցախի կրթության նախարարը տեղեկացրել է նաեւ, որ հանրապետությունում գնալով ակտիվանում է օլիմպիական շարժումը, որի շնորհիվ Արցախի դպրոցականները Հայաստանի հանրապետական օլիմպիադներում տարբեր առարկաների գծով արժանացել են 40 մրցանակների եւ գովասանագրերի:

Խորհրդակցության ընթացքում ելույթ են ունեցել Ասկերանի շրջանի Իվանյանի, Սարուշենի, Նախիջեւանիկի, Բերքաձորի, Ավետարանոցի գյուղերի դպրոցների ներկայացուցիչները:

Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ Ասկերանի շրջանի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը, ԳԹԿ ներկայացուցիչ Կարո Նասիբյանը:

Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի օգոստոսյան խորհրդակցությունների հաջորդ կանգառը Սյունիքի մարզն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ