Երեւանի էրեբունու վարչական շրջանի Ռոստովյան փողոցում օգոստոսի 29-ին Weekend բիլիարդ բարում պատանդ վերցված 23-ամյա աղջիկը կշարունակի մնալ Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ աղջկա վիճակը միջին ծանրության է,  նա ունի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, կապտուկներ:

«Կտրած-ծակած վերքերն ամբողջ մարմնով են, սակայն, պարանոցի շրջանում ավելի շատ են, ամբողջությամբ վնասված է մարմինը՝ կապտուկներ ու ծակված վերքեր են: Դեռ կմնա Վերակենդանացման բաժանմունքում, մինչեւ կազդուրվի»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Weekend» բիլիարդ բարում նախնական տվյալով քաղաքացուն պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծել են դիպուկահար կրակոցով: 31-ամյա Գոռ Հակոբյանին հիվանդանոց են հասցրել արդեն մահացած: Պարզվել է, որ նա վերջերս էր արտաքսվել ԱՄՆ-ից, ըստ մամուլի տեղեկությունների, նա «Կայարանցի Բիբոսի» տղան է, որը եւս բնակվում է ԱՄՆ-ում:

Հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով՝ զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու հատկանիշներով: