
Ղարաբաղյան հարցում ոչ մի ուժ, այդ թվում ԱՄՆ-ը, չի կարող Թուրքիային մղել Ադրբեջանի դեմ, նաեւ զրկել Թուրքիայի աջակցությունից, Ցավոք, Թուրքիայի հնարավորություններն անսահման չեն: Նման կարծիք է հայտնել թուրք քաղաքագետ Մեհմեդ Փերինչեքը «Նովոստի-Ազերբայջան»-ին տված հարցազրույցում:
«Ադրբեջանը երբեք եւ ոչ մի դեպքում չի մնա առանց Թուրքիայի աջակցության: Ինչպիսին էլ լինի թուրքական կառավարության քաղաքականությունը, թուրք ժողովուրդը, որպես միացյալ սիրտ, ադրբեջանցի ժողովրդի կողքին է: Դա պետք է իմանան եւ ադրբեջանական իշխանությունները, եւ մեր բոլոր եղբայրները»,- նկատել է քաղաքագետը:
Փերինչեքը կարծիք է հայտնել, որ Թուրքիան պետք է ավելի աջակցի Ադրբեջանին՝ առաջ մղելով թուրք-ադրբեջանական հարաբերությունները:
Հարցին, թե ի՞նչ նպատակ են հետապնդում Wikileaks-ի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի կապերին վերաբերող հրապարակումները, Փերինչեքը պատասխանել է, թե դրանք ապացուցում են, որ Կովկասում ԱՄՆ-ի անունից Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության վարած քաղաքականությունը հակասում է Ադրբեջանի շահերին, իսկ «նախագահ Ալիեւի խոսքերը կտրվել էին կոնտեքստից, ներկայացվել անբնական եւ կոշտ կերպով»:
«Ադրբեջանի դժգոհությունը հատուկ արտահայտվում է «հայկական հարցում» Անկարայի դիրքորոշման առումով: Պետության ցանկացած ղեկավար մտահոգված կլիներ թուրքական իշխանությունների վարքից` նման ցավոտ հարցում»,- ասել է քաղաքագետն ու հավելել, թե Wikileaks-ի հրապարակումներն ապացուցեցին հայ-թուրքական արձանագրությունների վերացման անհրաժեշտությունը: