News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հաշված ժամերից Հայաստանի հավաքականի համար շատ կարեւոր խաղ է սպասվում. Բուխարեստում Հայաստանի հավաքականը հանդիպելու է Ռումինիայի հավաքականի հետ։ Մենք եւ ռումինացիներն ունենք հավասար՝ 6-ական միավոր։ Լեհաստանից 10 միավոր ենք հետ մնում, Դանիայից ու Մոնտենեգրոյից՝ 4։ Տեսականորեն շանսեր կան, բայց դրանք քիչ են: Ամեն մրցափուլից առաջ մենք լցվում ենք մեծ ոգեւորությամբ, իսկ վերջում կիսում նախավերջին տեղը։

Այս պահին դեռ հույսեր կան, թեեւ ոչ մասնագետները, ոչ էլ բուքմեյքերները չեն հավատում Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակին։

Ավելի լավ վիճակում չեն ռումինացիները։ Նրանք հայերին ջախջախիչ հաշվով հաղթելուց հետո չկարողացան ղազախներին դրսում հաղթել, իսկ տանը զիջեցին Դանիային ու Մոնտենեգրոյին։ Այստեղ բոլորը պահանջում են գլխավոր մարզիչ Քրիշթոֆ Դաումի հրաժարականը։ Եվ անգամ ասում են, որ եթե հայերին պարտվեն, շատ չեն տխրի, միայն թե վռնդեն մարզչին։ Ծանո՞թ իրավիճակ է. Այո։

Անգամ ասուլիսի ժամանակ, երբ Դաումը թերթերից մեկին վիրավորել էր՝ ասելով, որ այդ թերթը կարելի է օգտագործել ձուկ փաթաթելու համար, լրագարողը հաջորդ ասուլիսին եկել էր ձուկ բռնելու կարթով։ Բոլոր լրագրողները պաշտպանել էին իրենց գործընկերոջը։ Ծանո՞թ պատմություն է, Ոչ։

Ռումինացի երկրպագուներն անդադար բողոքում են իրենց ֆեդերացիայից։ Հիմնական խնդիրը չիրականացած խոստումներն են։ Ըստ ֆաների՝ ֆեդերացիան շատ բան է խոսք տվել, բայց չի իրականացրել։ Բացի այդ, նրանց խոչընդոտում են պաստառների հարցում։ Ծանո՞թ պատմություն է. Կարծես թե․․․

Ամեն դեպքում ռումինացի ֆանատները, երբ եկան Երեւան, իրենց հետ բերել էին Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառ։ Նրանք չկարողացան դա բացել մարզադաշտում, քանի որ ոստիկանությունը թույլ չտվեց։ Դա նրանք արեցին խաղից հետո։ Մինչեւ հիմա ռումինացի երկրպագուները հիշում են ՖԱՖ ֆուտբոլային շարժման տղաների աջակցությունն այդ ժամանակ մարզադաշտում։ Երբ նրանք իմացան, որ հայ երկրպագուները եկել են, հանդիպեցին նրանց հետո եւ հրավիրեցին գարեջուր խմելու։

Ընդհանրապես, Բուխարեստը հետաքրքիր քաղաք է։ Ասել, որ այն գեղեցիկ է, դժվար կլինի. 19-րդ դարում այն կառուցվում էր Փարիզի նմանությամբ, որոշել էին կառուցել Արեւելյան Փարիզ։ Չաուշեսկուի ժամանակ քաղաքի կենտրոնը սկսեցին լցնել անճոռնի բարձրահարկերով, որոնք ստվեր էին գցում քաղաքի տեսքի վրա։ Բուխարեստում դեռ կա ԽՍՀՄ տարիների շունչը, բայց նա նաեւ մոտ է Եվրոպական ոգուն։ Կարելի է ասել, Բուխարեստը կոնտրաստների քաղաք է։ «Հաղթանակ» անունը կրող փողոցում,  ի դեպ հաղթանակը տարել են թուրքերի դեմ, տեղադրված է Աթաթուրքի արձանը։ Բայց ուրախացնում է այն, որ Բուխարեստի կենտրոնում կա գործող մեծ հայկական եկեղեցի։

Հայկական համայնքն այստեղ մեծ չէ՝ ամբողջ Ռումինայում մոտ 4000 հայ է ապրում։ Երկրի բնակչությունը 20 միլիոն է։ Տղաների աչքերի համար ուրախացնող պատկեր է՝ ռումինացի աղջիկները գեղեցիկ են։

Շատերն այստեղ մեզ ասում են, որ իրենց համար մեծ ուրախություն է, որ իրենց երկիր է գալիս Մխիթարյանի կարգի աստղ։ Անգամ հյուրանոց էր եկել «Մանչեսթեր Յունաթեդի» երկրպագու, ով ասաց՝ կարեւոր չէ, ով կհաղթի, կարեւորը՝ Մխիթարյանը վնասվածք չստանա։

Հաճելի է նաեւ, որ այստեղ բոլորը գիտեն Քարամյան եղբայրներին։ Նրանց ջերմությամբ են հիշում ու ասում, որ շատ բան են տվել ռումինական ֆուտբոլին։ Երեւի եղբայրներին ավելի ջերմությամբ են հիշում Ռումինիայում, քան սեփական հայրենիքում։

Հայաստանի հավաքականն ունեցավ նախախաղային մարզում։ Խաղի օրն առավոտյան թիմն այցելեց հայկական եկեղեցի։ Ինչպես միշտ, խաղից առաջ խոսվում է, որ թիմում մթնոլորտը շատ լավ է։ Ինչպիսին է մթնոլորտը թիմում կերեւա խաղի ժամանակ դաշտում։ Իսկ դաշտը հոյակապ է։ Բուխարեստի «Նացիոնալ Արենան» իսկապես աչք է շոյում։ Ռումինիայում բողոքում են իրենց ֆուտբոլի վիճակից, բայց նայում ես դաշտերին, թիմերի հաջողություններին՝ «Ռապիդ», «Ստայուա» «Կլուժ»․․․ու նախանձում ես:

Հայաստանն այս խաղին ներկայացնում են երեք լրատվամիջոցի լրագրողներ, որոնցից մեկին՝ ինձ, այս խաղի համար կրկին չհավատարմագրեցին։ Ամեն դեպքում NEWS.am-ը կարողացավ իր ընթերցողին հասցնել անգամ ֆուտբոլիստների եկեղեցում օրհնվելու արարողության տեսագրությունը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին անգամ ցույց տվեց, որ միջազգային ոչ մի նորմերի չի ցանկանում համապատասխանել։ Անգամ այստեղ՝ Ռումինայում, երբ տեղեկանում են, որ ֆեդերացիան կարող է անհատ լրագրողի առանց որեւէ պատճառաբանության չհավատարմագրել, ապշում են․․․

Սա իհարկե, հավերժ քննարկվող թեմա է, բայց ավելի կարեւոր է, թե ինչ գնահատական մենք կտանք մեր հավաքականի խաղին մրցափուլի ավարտից հետո։ Ինչ-որ արդյունք կունենա՞նք, թե էլի ապագայի թիմ կկառուցենք․․․․

Վերա Մարտիրոսյան՝ Բուխարեստից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ