News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանը հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Պաշտպանության փոխնախարարն ասում է՝ Հայաստանը պաշտոնապես չի էլ հաստատել, որ մասնակցելու է Դաշինքի վարժանքներին: Ըստ Արտակ Զաքարյանի՝ ՆԱՏՕ-ն եղել է եւ կմնա Հայաստանի գործընկերը, իսկ Դաշինքի այս կամ այն միջոցառմանը չմասնակցելու մեջ արտառոց ոչինչ փնտրել ու հետեւանքներ սպասել պետք չէ: Զաքարյանը նաեւ հիշեցրել է, որ մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք, եւ մեր անվտանգության գլխավոր հովանոցը հենց այդ համակարգն է: Ավելի վաղ վարժանքներին մասնակցությունից հրաժարվել էր նաեւ Ադրբեջանը: Արդյունքում, Ախալցխայում մեկնարկած զորավարժություններին մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան:

Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նիստերն արդեն մեկնարկել են, իսկ մի շարք պատգամավորներ, կարծես, դեռ չեն վերադարձել արձակուրդից: Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը դժգոհ է հատկապես հանրապետական պատգամավորներ Արտակ Սարգսյանից («ՍԱՍ-ի Արտակ») եւ Արկադի Համբարձումյանից («Դերժավայի Արկադիկ»): Այսօրվա նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ նրանք պատժվելու են՝ պարբերաբար եւ անհարգելի բացակայելու համար: Զոհրաբյանը պատրաստվում է համապատասխան գրություն ուղարկվել ԱԺ խոսնակին: Նշենք, որ նոր գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 11-ին:

«Կոնտինենտալ» ռեստորանում ողբերգական ավարտով վիճաբանություն է տեղի ունեցել: Երեւան-Արտաշատ ճանապարհին գտնվող ռեստորանի հարակից տարածքում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով մահացել է 25-ամյա Ստեփան Մինասյանը: Մեր տեղեկություններով՝ վեճի են բռնվել ռեստորանում հարսանիքի երկու մասնակիցներ: Նրանցից մեկի որդին միջամտել է վիճաբանությանը՝ հորը պաշտպանելու նպատակով: Այդ ժամանակ էլ երիտասարդը դանակահարվել է, իսկ ավելի ուշ հիվանդանոց մահացել: Ըստ լուրերի՝ Ստեփանը վերջերս էր ամուսնացել, նրա կինը հղի է: Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ 45-ամյա Եղիշ Հայրապետյանն ու 21-ամյա Հարություն Մանուկյանը: Վերջինին կասկածում են Ստեփան Մինասյանին դանակահարելու մեջ: Նա ոստիկանության հսկողության ներքո էլ: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:

Բյուրական գյուղին հարակից սարում հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել: ԱԻՆ-ի նախնական տվյալներով՝ շուրջ 20 հա բուսածածկ եւ անտառածածկ տարածք է այրվել: Հրդեհաշիջման աշխատանքներին մեծ թվով հրշեջներ, անտառտնտեսության եւ ոստիկանության աշխատակիցներ, գյուղի բնակիչներ են մասնակցում: Նշենք, որ առաջին հրդեհը Բյուրականի անտառում բռնկվել էր սեպտեմբերի 3-ին. այսօր առավոտյան այն մեկուսացվել էր: Բյուրականի գյուղապետը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ կրակը բնակավայրերին եւ այգիներին չի սպառնում: Սա այս տարվա երրորդ խոշոր հրդեհն է. նախորդները մեծ վնաս են հասցրել Արտավանի անտառին եւ Խոսրովի արգելոցին:

Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ին ջրածնային ռումբ է փորձարկել: Փորձագետների կարծիքով՝ սա Փհենյանի կողմից երբեւէ իրականացրած ամենահզոր միջուկային փորձարկումն է: Հարեւան երկրները հայտնել են ստորգետնյա երկու ուժեղ ցնցման, ենթադրաբար՝ արհեստական ծագման երկրաշարժի մասին: Հարավային Կորեան մեծ հեռահարության թեւավոր հրթիռների օգտագործմամբ մարտական հրաձգություն է ծրագրում՝ ի պատասխան Փհենյանի միջուկային փորձարկման: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեայի վրա հարձակման հնարավորությունը եւ Փհենյանի գործողությունները թշնամական ու վտանգավոր է կոչել:

Սեպտեմբերի 4-ին դոլարն ու եվրոն էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 569, ռուբլունը՝ 8 դրամ 26 լումա, բրիտանական ֆունտինը՝ 619 դրամ:

Սեպտեմբերի 5-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ին էապես չի փոխվի, իսկ 7-8-ին կնվազի 3-4 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ