News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանում անցկացվող զորավարժություններին Հայաստանի մասնակցել-չմասնակցելու թեման տարօրինակ ընթացք ստացավ: Երեկ օրվա վերջում Հայաստանի պաշտպանության նախարարությունը ի վերջո հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է. «(...)Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել եւ մասնակցության հայտ չի ներկայացվել: Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»:

Ինչպես հայտնի է, սույն զորավարժությունների տարբերանշանի վրա կազմակերպիչները ներառել էին նաեւ Հայաստանի դրոշը եւ բացի այդ Վրաստանի ՊՆ-ն մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանը նույնպես մասնակցելու է դրանց:

Ստացվում է՝ այն ժամանակ, երբ ՀՀ ՊՆ-ն որոշել է, որ Հայաստանը չի մասնակցելու, Վրաստանից ուղիղ հակառակի մասին հայտարարություններ էին անում, ՀՀ դրոշն էլ դաջում էին լոգոյի վրա: Հնարավո՞ր է նման բան: Թերեւս, հնարավոր է: Երկու երկրների գերատեսչությունների աշխատանքում կարող են տեխնիկական թյուրիմացություններ լինել: Բայց դրանք նաեւ արագ հարթվում են: Օրինակ, երբ Վրաստանից բարձր մակարդակով հայտարարվեց ՀՀ մասնակցության մասին, Հայաստանից պետք է արագ կապվեին, պարզաբանեին իրավիճակը, հայտնեին, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել:

Արդյո՞ք նման պրոցես եղել է, թե՞ ոչ, չենք կարող ասել, որովհետեւ փաստն այն է, որ Վրաստանից մինչեւ վերջին պահն էլ հայտարարում էին, որ ՀՀ-ն նույնպես մասնակցելու է, իսկ հետո հայտարարեցին, որ հենց վերջին պահին է Հայաստանը չեղարկել իր մասնակցությունը:

Ընդ որում՝ վրացական կողմը ՀՀ ՊՆ փոխնախարարի եւ այլ պաշտոնական ներկայացուցիչների պարզաբանումներից հետո, թե Հայաստանը չէր էլ պատրաստվում մասնակցել զորավարժություններին, շարունակում էր դժգոհել, որ ՀՀ ՊՆ-ն չի էլ բացատրել, թե որն է հրաժարվելու պատճառը:

Մի խոսքով, փոխըմբռնման կատարյալ բացակայություն Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ: Նման բան չէր կարող լինել, եթե այլ շատ ավելի խորքային պատճառներ գոյություն չունենային: Բայց քանի որ Հայաստանն ու Վրաստանն իրականում ռազմական ոլորտում կիսելու շատ բան չունեն, ուստի ակնհայտ է, որ խնդրի թելերը շատ ավելի հեռուն են հասնում, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մայրաքաղաքներ:

Նախորդ շաբաթ ՌԴ-ում «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում, Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարեց, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային, որի նպատակը Սիրիայում ականազերծման աշխատանքների իրականացումն է:

Հայաստանում սույն հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց. նախ քաղաքագետները գնահատեցին նման քայլի վտանգավորությունը Հայաստանի համար, ապա նաեւ ուշադրություն հրավիրեցին այն փաստին, որ Հայաստանի մասնակցության վերաբերյալ հայտարարությունն արվեց ՌԴ ներկայացուցչի կողմից՝ Մոսկվայում: Բնականաբար, սույն հանգամանքը գնահատվեց, որպես ոտնձգություն ինքնիշխան որոշումներ կայացնելու ՀՀ իրավունքի վրա, այն իմաստով, որ Մոսկվայում որոշել են, որ ՀՀ-ն պետք է այդ կոալիցիայի մաս կազմի եւ Երեւանի դիրքորոշումը չեն էլ հարցնում:

Ի դեպ, պաշտոնական Երեւանը մինչ այժմ ոչ հաստատել է, ոչ էլ հերքել սույն հայտարարությունը: Նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը ԶԼՄ-ների խնդրանքով մեկնաբանելով Նովիկովի հայտարարությունն ասել է. «Երբ որոշում կայացվի եւ բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»:

Նովիկովի հայտարարությունից երկու օր անց Վրաստանի ՊՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանը սեպտեմբերի 3-11-ը Վրաստանում մասնակցելու է ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին: ՀՀ ՊՆ-ն կրկին ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս հայտարարությունը: Հայաստանում, իհարկե, ընդհանրապես  չբարձրացավ ինքնիշխանության թեման, թեեւ այս հայտարարությունն էլ արվել էր այլ պետության պաշտոնյայի կողմից եւ այլ մայրաքաղաքում:  

Իսկ այդ նույն օրերին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սկանդալային հարցազրույց տվեց ասելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում: Նա նաեւ ասաց, որ ԱՄՆ-ն ցանկանում է վստահ լինել, Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետեւելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ: Դեսպանն այս համատեքստում բարձր գնահատեց ՀՀ մասնակցությունն էր Վրաստանում օգոստոսի սկզբին կայացած ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր» զորավարժություններին: Տողատակով, բնականաբար, խրախուսվում էր նաեւ Վրաստանում հաջորդ զորավարժություններին ՀՀ մասնակցությունը:

Դատելով վերոնշյալ գործընթացներից, կարող ենք եզրակացնել, որ համեստ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը սրվել է բացառապես Սիրիայում նոր կոալիցիա ձեւավորելու ՌԴ նախաձեռնության պատճառով: Դեսպանը, թերեւս, հենց սա նկատի ուներ, ասելով, որ ուզում են համոզված լինել, որ ՀՀ-ին չեն ճնշում գնալ մի տեղ, ուր ինքը չէր ցանկանա գնալ:

Վրաստանի զորավարժություններին Հայաստանը փաստորեն չգնաց, չնայած ճնշումներին: Իսկ արդյոք ականազերծման գործողություններին մասնակցելու համար Սիրիա կգնա: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ մի շարք ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ վրաստանյան զորավարժությունները ռազմական ուղղվածություն ունեին եւ Հայաստանի դաշնակցի երկրի դեմ էին, ուստի ՀՀ-ն որպես ՀԱՊԿ անդամ չպետք է մասնակցեր դրանց:

Սիրիայում ականազերծման աշխատանքները Հայաստանին ներքաշում են ԻՊ-ի դեմ պատերազմի դաշտ, ինչը մեր երկրին ընդհանրապես պետք չէ: Մեր պատերազմը մեզ բավարար է, նորերի կարիքն իսկապես չենք զգում: Այնպես որ, եթե դաշնակից երկրների շահերից ելնելով՝ Հայաստանը հրաժարվեց ՆԱՏՕ-ի զորավարժություններից, ապա Սիրիայի նոր կոալիցիայի մաս ընդհանրապես չպետք է կազմի՝ արդեն ոչ թե երրորդ երկրի, այլ բացառապես սեփական շահերից ելնելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ