«Սասնա ծռերի» գործով դատական նիստից առաջ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, դատական կարգադրիչները փորձեցին խուզարկել պաշտպաններին:

Փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Մուշեղ Շուշանյանը հրաժարվեցին բացել իրենց պայուսակները՝ հայտարարելով, որ իրենց մոտ սուր-կտրող առարկա չկա: Լուսինե Սահակյանն, ավելին, հայտարարեց, որ ինքը դատարան է եկել դատարակ պայուսակով, որի մեջ միայն մեկ անձեռոցիկ կա: Դատական կարգադրիչը նշեց, որ եթե թաց անձեռոցիկ է, կարող է հենց դա է մետաղորսիչ սարքն արձանագրում: Պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը զարմացավ՝ անձեռոցիկի պատճառով թույլ չեն տալիս պաշտպանին ներս մտնել:

«Նախորդ անգամներին ես եկել եմ նույն այս պայուսակով, բայց ինձ թողել են ներս, իսկ այսօր ինձ արգելում են մտնել դատարան: Այս կերպ դատարանը փորձում է այնպես անել, որ իմ պաշտպանների համար այս կամ հաջորդ նիստին հանրային պաշտպան ներգրավվի»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը:

Դատական կարգադրիչները թույլ չտվեցին ներս մտնել նաեւ Մուշեղ Շուշանյանին: Հիշեցնենք, որ նրա պաշտպան Արեգ Կյուրեղյանի համար նախորդ նիստին արդեն հանրային պաշտպան էին ներգրավվել: Լրագրողների հետ զրույցում Մուշեղ Շուշանյանը նշեց, որ ինքը միշտ եկել է դատարան, սակայն կարգադրիչներն ամեն անգամ իրեն թույլ չեն տվել մտնել դատարան, քանի որ ինքը չի համաձայնվել խուզարկվել:

Նիստից առաջ կարգադրիչները փորձեցին թույլ չտալ նաեւ Տիգրան Հայրապետյանին: Րոպեներ անց պաշտպանը կրկին մոտեցավ կարգադրիչներին՝ նշելով, որ իր պայուսակը մետաղական մաս ունի, որն էլ հենց արձանագրում է մետաղորսիչ սարքը: Կարգադրիչները թույլ տվեցին Տիգրան Հայրապետյանին մտնել դահլիճ:

Դատական նիստն այսօր մեկնարկեց շուրջ 40 րոպե ուշացումով: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընթերցեց արձանագրություններն ու հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Լուսինե Սահակյանի եւ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու: