News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-սիրիական հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման եւ ամրապնդման հնարավորություններին: Հանրապետության նախագահը եւ Սիրիայի դեսպանը նաեւ մտքեր են փոխանակել Սիրիայում եւ ընդհանուր առմամբ՝ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի, տարածաշրջանի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սիրիայի իշխանություններն ու բարեկամ սիրիացի ժողովուրդը, երկրի նախագահի գլխավորությամբ, կկարողանան դիմակայել այդ մեծ փորձությանը, եւ երկրում ի վերջո կհաստատվի խաղաղություն եւ կայունություն, ինչում Հայաստանը շահագրգռված է:

«Պատմության տարբեր ժամանակահատվածներում բոլոր ժողովուրդներին էլ բաժին են ընկնում փորձություններ, եւ ովքեր կարողանում են դրանց դիմակայել, շարունակում են իրենց ընթացքը:

Հայաստանը խորապես մտահոգված լինելով բարեկամ սիրիացի ժողովրդի ճակատագրով՝ այս ամբողջ ընթացքում ցավով է հետեւել իրադարձություններին եւ հումանիտար իրավիճակի վատթարացմանն ու իր հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ինչպես զրկանքների ենթարկված սիրիահայ համայնքին, այնպես էլ սիրիացի ողջ ժողովրդին»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության եւ ջերմ խոսքերի համար, ընդգծելով, որ Սիրիայի իշխանությունները բարձր են գնահատում բարեկամ Հայաստանի դիրքորոշումը եւ աջակցությունը երկրում խաղաղության ու կայունության հաստատման գործում: Դեսպանը դրվատանքով է խոսել սիրիահայ համայնքի մասին, որը, նրա խոսքով՝ սիրիացի ժողովրդի անքակտելի մասն է եւ տասնամյակներ շարունակ մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում: Սիրիայի դեսպանը վստահեցրել է, որ իր երկրում մեծ հարգանք վայելող հայկական համայնքը մշտապես եղել եւ շարունակում է մնալ Սիրիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ