News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեթ Զաֆեր Չաղլայանին, Թուրքիայի պետական բանկի նախկին կառավարիչ Սուլեյման Ասլանին եւ եւս 2 մարդու մեղադրել են Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խախտման մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Արդարադատության նախարարության հայտարարությունը:

Դատախազները հայտարարել են, որ 4 կասկածյալները հանցավոր համաձայնության են եկել՝ Իրանի կառավարության եւ իրանական ձեռնարկությունների շահերի շրջանակում բազմամիլիոնանոց գործարքներ իրականացնելու նպատակով ԱՄՆ ֆինանսական համակարգն օգտագործելու համար, ինչը ԱՄՆ պատժամիջոցներով արգելված է:

Նշվում է, որ կասկածյալները մյուս դատապարտյալների՝ իրանցի բիզնեսմեն Ռեզա Զարրաբի, նաեւ թուրք բանկիր Մեհմեթ  Հաքան Աթիլլայի եւ այլ անձանց հետ հանցակցել են ընդարձակ սխեմայի՝ Իրանի դեմ ԱՄՆ սահմանափակումներից խուսափելու նպատակով:

ԱՄՆ ԱՆ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ սխեման լայնորեն գործել է Թուրքիայի պետական բանկի հաշվին, որի գլխավոր կառավարիչը Ասլանն էր, Աթիլլան՝ գլխավոր կառավարչի միջազգային բանկային գործունեության գծով տեղակալը: Կասկածյալները նպաստել են Զարրաբի գործունեությանը եւ թաքցրել են այս գործում բանկի դերակատարումը:

Ամերիկացի դատախազները հայտնել են, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարը Իրանի կառավարությանը ծառայություն մատուցելու համար սխեմայի եկամուտներից տասնյակ միլիոնավոր դոլար է ստացել:

Իրանում ծնված Զարրաբը կալանավորվել է 2016 թվականի մարտին՝ Մայամիում (Ֆլորիդա նահանգ), մեկ տարի անց՝ կրկին մարտին ձերբակալվել է Աթիլլան: Նրանց գործով դատական նիստը նշանակված է ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ին: Գործի մնացյալ ֆիգուրանտներն ազատության մեջ են:

ԱՄՆ իշխանությունները նախկինում Զարրաբին մեղադրել են համախոհների խմբի կազմում Իրանի կառավարության եւ իրանական ընկերությունների օգտին հարյուր միլիոնավոր դոլարի գործարքներ իրականացնելու փորձի մեջ, որպեսզի նրանք կարողանային պատժամիջոցներից խուսափել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ