Եթե նույնիսկ Հրազդանի քաղաքապետի որդին օրենքը խախտել է, նա դպրոցում ոսկե մեդալն ազնվորեն է վաստակել: Այս մասին սեպտեմբերի 7-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանրյուր մարդ կրթության իրավունք ունի, եթե նույնիսկ նա դատապարտված լինի եւ բանտում պատիժ կրի: Ուսման մեջ եւ սպորտում հաջողությունների իրավունքը ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքն է, նույնիսկ դատապարտյալի: «Հիշեք «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմը. պատժավայրից հերոսին բերում էին բեմ՝ կատարելու Համլետի դերը եւ ետ՝ բանտ էին տանում»,- նշեց Մկրտչյանը:

Նախարարը նշեց, թե այն խոսակցությունները, որ քաղաքապետի որդին ոսկե մեդալը ստացել է հոր խնամակալությամբ, հիմնավորված չեն: Չպետք է պատանուն հալածել միայն այն պատճառով, որ նա պաշտոնյայի որդի է: «Ես էլ եմ դրա միջով անցել: Հայրս պաշտոն էր զբաղեցնում Երեւանի պետական համալսարանում, իսկ ես նույն բուհի ուսանող էի եւ դարձա լենինյան թոշակառու: Իմ ստացած յուրաքանչյուր բարձր գնահատականի դեպքում բոլորը թիկունքիս ասում էին. «Հայրն է դասավորել»: Չգիտեմ, թե որքանով է նման վերաբերմունքն արդարացված»,- եզրափակեց Լեւոն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ Ռազմիկը, որը սովորում էր ավարտական դասարանում, զբոսնել է հոր ծառայողական մեքենայով եւ անզգուշորեն վրաերթի ենթարկել հետիոտնի: Նա գործին ներգրավվել է որպես կասկածյալ: