News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Մեր քաղաքացիներին նորից եմ կոչ անում երթեւեկել միայն կանոնավոր միջքաղաքային ավտոբուսներով։ Այս մասին սեպտեմբերի 7-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Վրաստանում ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող հայկական համարանիշներով ավտոբուսի վթարը, որն ավարտվել էր երկու մարդու մահով:

«Եղել է հայկական ավտոբուս, ըստ նախնական տեղեկությունների, մեղավոր է եղել Վրաստանում գտնվող վարորդը, ոչ մերը», - նշեց նախարարը։

Նա հիշեցրեց, որ օգոստոսի 18-ին՝ ուղեւորներ հավաքելու ժամանակ, այդ ավտոբուսը շահագործող ընկերությունը 450 հազար դրամով տուգանվել էր ՃՈ աշխատակիցների կողմից:

«Կանոնավոր ավտոբուսները մեկնում են ավտոկայաններից, նրանք պետք է համապատասխանեն հարմարավետության նվազագույն պահանջներին, ունենան 2 կամ 3 վարորդ, որոնք կաշխատեն փոխնիփոխ։ Այդ ամենն արվում է ուղեւորների անվտանգության համար։ Իմանալով դա՝ նրանք իրենք չպետք է օգտվեն նման ոչ կանոնավոր ավտոբուսներից»,– ընդգծեց Մարտիրոսյանն ու հավելեց, որ փորձը ցույց է տալիս, որ վերջին բոլոր վթարները տեղի են ունենում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների արդյունքում։

«Ես նորից դիմում եմ մեր բոլոր քաղաքացիներին, որ օգտվեն միայն կանոնավոր ուղեւորափոխադրումներից՝ օրենքի դաշտում, պետք է շարժվել ավտոկայանից, տոմսերը գնել ավտոկայանից, որովհետեւ այնտեղ ստուգվում են մեքենաները, կանոնավոր ուղեւորափոխադրողը ունենում է երկու-երեք վարորդ, որ ժամանակ առ ժամանակ փոխվում են»,-ընդգծեց նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ին Վրաստանում ՀՀ դեսպանատնից հայտնել էին, որ ժամը 03:30-ի սահմաններում ՌԴ պետհամարանիշներով «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան, որի վարորդը եղել է 27-ամյա Ռոման Հայրապետյանը, դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել ՀՀ պետական համարանիշներով ավտոբուսին, որի վարորդը Սամվել Մկրտչյանն է: Վթարի հետեւանքով զոհվել են «Մերսեդեսի» ուղեւորներ, Լուսինե Մինասյանն ու 7-ամյա Մաքսիմը, նրանք մայր ու որդի են:

Մեքենայի վարորդը, ուղեւորներ 12-ամյա Անուշն ու 24-ամյա Ալինա Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ