News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Վրաստանում հայկական ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Ռուսական համարանիշով Mercedes-ը բախվել է Ռուսաստան մեկնող ավտոբուսին: Պատահարի հետեւանքով զոհվել են Mercedes-ի ուղեւորներից Լուսինե Մինասյանն ու նրա 7-ամյա որդին: Նրանք Ռուսաստանի քաղաքացի էին: Իսկ մեքենայի վարորդն ու մյուս 2 ուղեւորները՝ 12 եւ 24 տարեկան, տեղափոխվել են Մցխեթայի հիվանդանոց: Ավտոբուսի ուղեւորներից ոչ ոք չի հոսպիտալացվել:

Նշենք, որ ավտոբուսը մի քանի շաբաթ առաջ 450 հազար դրամով տուգանվել է տրանսպորտի նախարարության կողմից: Այն ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ էր իրականացնում դեպի Ռուսաստան: Նախարար Վահան Մարտիրոսյանի ներկայացրած նախնական տեղեկություններով՝ պատահարի մեղավորը Mercedes-ի վարորդն է եղել:

Արցախում տեղի է ունեցել Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը: Նորընտիր նախագահը երդվել է Ազգային ժողովի հատուկ նիստում՝ Պարգեւ Սրբազանի օրհնությունից հետո: Բակո Սահակյանն Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել երրորդ անգամ: Նոր Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը նրան անցողիկ շրջանի նախագահ է ընտրել հուլիսի 19-ին: Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչեւ 2020 թվականը, որից հետո տեղի կունենան համապետական ընտրություններ:

Հայաստանի սահմանամերձ գյուղերի արտոնությունները կերկարաձգվեն մինչեւ 2021 թվականը: Որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում: Խոսքը 37 բնակավայրերում գազի, էլեկտրաէներգիայի եւ ոռոգման ջրի վճարների պետական սուբսիդավորման մասին է: Անմիջականորեն հակառակորդի կրակի տակ գտնվող բնակավայրերում էլ կփոխհատուցեն հողահարկն ու գույքահարկը:

Վարչապետը մտահոգություն է հայտնել խեցգետնի քանակության նվազման առիթով: Կարեն Կարապետյանն իրավիճակը ճգնաժամային է գնահատել եւ հանձնարարել շտապ միջոցներ ձեռնարկել:

Սկանդալային Ամուլսարի ոսկու հանքը կառավարող «Լիդիան Արմենիա»-ին գործադիրն այսօր արտոնություն տվեց: Ընկերությունն այսուհետ սարքավորումներ կներմուծի առանց ԱԱՀ վճարելու: Ըստ զեկուցողի՝ Ամուլսարի հանքում ընկերությունը պատրաստվում է շուրջ 180 մլրդ դրամ ներդնել։ Նշենք, որ բնապահպանները դեմ են այս հանքի շահագործմանը, քանի որ, նրանց պնդմամբ, այն կվնասի տարածքի կենսաբազմազանությանը:

Կառավարության նիստից հետո էլ կրթության նախարարն անդրադարձել է այս օրերի ամենաքննարկվող հարցերից մեկին. ինչո՞ւ Հրազդանի քաղաքապետի որդին, որը մեղադրվում է մահացու վրաերթ կատարելու մեջ եւ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված, ոսկե մեդալ ստացավ հանրապետության նախագահից: Քննադատություններին ի պատասխան՝ Լեւոն Մկրտչյանը հորդորեց անձամբ գնալ դպրոց ու պարզել քաղաքապետի 16-ամյա որդու գիտելիքները: Հնարավո՞ր է՝ քաղաքապետի որդին ոսկե մեդալը ստացել է հոր հովանավորությամբ կամ սա մեսիջ է, որ նա չի պատժվելու 58-ամյա տղամարդուն մահացու վրաերթի ենթարկելու համար: Լեւոն Մկրտչյանն այդ դատողությունները չհիմնավորված է համարում, ավելին, իր փորձն է հիշեցնում:

Գյուղատնտեսության նախարարից էլ լրագրողները հետաքրքրվել են, թե երբվանի՞ց է որոշել զբաղվել խաղողագործությամբ: Հարցին Իգնատի Առաքելյանը զարմանքով է արձագանքել՝ այսի՞նքն: Հետո հանկարծ հիշել է, որ իր ընտանիքի անդամները խաղողի այգիներ ունեն: Առաքելյանը վստահեցրել է, որ ընտանեկան բիզնեսն իր հետ առնչություն չունի, չնայած այդ ոլորտն իրեն միշտ հետաքրքրել է:

Առողջապահության նախարարին էլ լրագրողներն այսօր, այսպես ասած, նեղն են գցել: Լեւոն Ալթունյանից հետաքրքրվել են հանրապետությունում Լայմի հիվանդության գրանցված դեպքերի մասին: Ի պատասխան՝ նախարարը հորդորել է իրեն միայն մասնագիտական հարցեր տալ: Ինչո՞ւ է Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել. այս հարցը նույնպես նախարարն անարձագանք է թողել. կառավարության այսօրվա նիստում այն չի քննարկվել:

«Սասնա ծռերի» 18 անդամների գործով այսօրվա նիստը սկսվել է դատավորի եւ պաշտպանների բանավեճով: Փաստաբանները մեղադրող կողմին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար պահանջել են, որ դատավորն ապահովի բոլոր փաստաբանների ներկայությունը: Արտուշ Գաբրիելյանն էլ առաջարկել է միջնորդություն ներկայացնել նիստին ներկա փաստաբանների մասնակցությամբ: Պաշտպանները հակադարձել են. վկայակոչել են քրեադատավարական օրենսգրքի դրույթներն ու Գաբրիելյանին մեղադրել օրենսգիրքը ոտնահարելու մեջ:

Բոլոր պաշտպանների ներկայությունն այդպես էլ չի ապահովվել, արդյունքում դահլիճում գտնվողներից Լուսինե Սահակյանը, Հրանտ Գեւորգյանը եւ Արայիկ Պապիկյանը նույնպես հեռացել են: Դատավորը, ամեն դեպքում, շարունակել է նիստը, սակայն քիչ անց հայտարարել է, որ առողջական խնդիրներ ունի եւ հետաձգել է նիստը: Հաջորդը կկայանա սեպտեմբերի 14-ին:

«Իրմա» ավերիչ փոթորիկը մոտեցել է Պուերտո Ռիկոյին: Քամու արագությունը շուրջ 300 կմ/ժ-ի է հասնում, հորդառատ անձրեւներ են տեղում: Փոթորկին վտանգավորության բարձրագույն՝ 5-րդ աստիճան է տրվել: Պուերտո Ռիկոյում արտակարգ դրություն է հայտարարվել, մարդիկ առաջին անհրաժեշտության ապրանքներ են պաշարում: Մինչ այդ, փոթորիկն ավերածություններ է առաջացրել Կարիբյան կզղիներում: Բարբուդա կղզին, որտեղ 1700 մարդ է բնակվում, հիմնահատակ ավերվել է: «Իրմա»-ն մեծ վնասներ է հասցրել նաեւ Ֆրանսիայի ափամերձ տարածքներին: Սեն Բարտ եւ Սեն Մարտեն կղզիները հոսանքազրկվել են, փոթորկի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել: ՄԱԿ-ի տվյալներով՝ Ատլանտյան օվկիանոսում երբեւէ գրանցված ամենահզոր այս փոթորկի հետեւանքով կարող է մինչեւ 37 մլն մարդ տուժել: «Իրմա»-ն արդեն տասնամյակի փոթորիկ են կոչել: Այն ավելի զորեղ է «Հարվի» փոթորկից, որի հետեւանքով զոհերի թիվն ամերիկյան Թեխասում 70-ի է հասել:

«Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանն ազատվել է այդ պաշտոնից: Միջազգային կինոփառատոնի տնօրեն է նշանակվել կինոգետ Սուսաննա Հարությունյանը: Հարություն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշել է, որ «Ոսկե ծիրան»-ից հեռացել է, քանի որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում: Ասում է՝ շատերն են առաջարկել առաջադրել թեկնածությունը, արդյունքում որոշել է ղեկավարել Միությունը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում թեկնածությունն է առաջադրելու նաեւ ռեժիսոր Վահե Գեւորգյանցը՝ միության նախկին նախագահ, հանգուցյալ Ռուբեն Գեւորգյանցի որդին: Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը կայանալու է հոկտեմբերի 7-ին, այդ ժամանակ էլ միության նոր նախագահ եւ վարչություն կընտրեն:

Սեպտեմբերի 7-ին դոլարը կայուն է եղել, իսկ եվրոն թանկացել է եւս 2 դրամով: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 572, ռուբլունը՝ 8 դրամ 38 լումա, բրիտանական ֆունտինը՝ 625 դրամ:

Սեպտեմբերի 8-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ին 3-4 աստիճանով կնվազի, 9-10-ը՝ նույնքան կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ