News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բոլորին հորդորում են որոշ ժամանակով բնակություն հաստատել այլ նահանգներում, քանի որ կիրակի գիշեր, ըստ կանխատեսումների, «Իրմա» փոթորիկը կհասնի այնտեղ:

NEWS.am-ի հետ զրույցում նահանգի հայկական Սուրբ Դավիթ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Գալստյանը հայտնեց, որ չնայած այս պահին հանգիստ է, բնակչությանն էվակուացնում են:

«ԱՄՆ իշխանությունները բոլորին հորդորում են դուրս գալ, հատկապես Մայամիի շրջանում, քանի որ վտանգ կա, որ փոթորիկն այնտեղ շատ ուժեղ է լինելու: Կան մարդիկ, որոնք հրաժարվում են հեռանալ իրենց տներից, նրանք էլ սննդի եւ ջրի պաշար են հավաքում, որ այդ օրերին կարողանան ապաստարաններում մնալ: Պետությունը նաեւ հատուկ տներ է տրամադրում, որտեղ մարդիկ մնալու հնարավորություն ունեն: Մարդկանց մինչեւ շաբաթ ցերեկ ժամանակ է տրված որոշում կայացնելու»,- ասաց հայ համայնքի ներկայացուցիչը:

Նա հայտնեց, որ հայերից շատերն են արդեն իսկ հեռացել նահանգից, առաջիկա ժամերին իրենք նույնպես ամրացնելու են եկեղեցու պատուհաններն ու դռներն ու հեռանան:

«Հայեր կան, սակայն, որ որոշել են մնալ իրենց տներում, այժմ պատուհաններն ու դռներն են ամրացնում, որ այս ուժեղ փոթորկին դիմանա»,- ասաց Տեր Փառեն քահանա Գալստյանը:

Նշենք, որ Ատլանտյան օվկիանոսում երբեւէ գրանցված ամենահզոր «Իրմա» փոթորկի հետեւանքով, ըստ ՄԱԿ-ի, հնարավոր է, որ 37 մլն մարդ տուժի: «Իրմա» փոթորիկը, որի հզորությունը հասել է առավելագույն 5 բալի, կարիբյան տարածաշրջանում ամայացման հետք է թողել: Բարբուդա կղզում կործանվել է սեփական օբյեկտների 95 տոկոսը, 30 տոկոսն ամբողջությամբ: Նույնպիսի պատկեր է Սեն Մարթենի ֆրանսիական հատվածում: Միայն այս 2 կղզում զոհվել է 8 մարդ: Ավելի քան 20 մարդ վնասվածքներ է ստացել: Չկա խմելու ջուր, էլեկտրամատակարարումն ընդհատված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ