News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Զինված խմբի» գործով դատական նիստում այսօր՝ սեպտեմբերի 8-ին, շարունակվել են հարցաքննվել անջատված մասով մեղադրյալները։ Գործով մեղադրյալ Մարատ Թադեւոսյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ ինքը Արթուր Վարդանյանի ծրագրերին տեղյակ չի եղել։ Առաջին անգամ նրա հետ հանդիպել է «Եռաբլուրում» Ավետիս Բարեյանի միջոցով։ Մեկ ամիս անց Սպիտակի Արդվի գյուղում երկարապահ կամավորականների շտաբում, որտեղ անդամագրվել է Արթուր Վարդանյանի գլխավորած «Հայոց Վահան» ՀԿ կազմակերպությանը։ Այնուհետեւ Արթուրին տեսել է Սպիտակի գյուղերից մեկում, որտեղ նրա հայրական տունն է եղել, ադ ժամանակ որսի նպատակով իրենից վերցրել են իր որսորդական հրացանը։ Ավելի ուշ այն վերադարձրել են իրեն։ Հետագայում իրեն զանգահարել է Արթուր Վարդանյանը եւ խնդրել անձնագրով ներկայանա, որպեսզի իր անունով Արթուրի համար զենք գնեն։ Սակայն երբ Թադեւոսյանի որդին այդ մասին տեղեկացել է, արգելել է հորը գնալ Արթուրի մոտ։ Այդ պահից ի վեր նա առնչություն չի ունեցել այդ անձանց հետ։ Վստահեցրել է, որ տեղյակ չի եղել նրանց ծրագրերից։

Դատապարտյալ Անուշավան Ավետիսյանը, որը պատիժը կրում է Արթիկ ՔԿՀ-ում, հրաժարվել է ցուցմունք տալ եւ պնդել է նախաքննական ցուցմունքը։ Նա Գյումրիում տաքսի ծառայություն է մատուցել։ Նա ասել է, որ Արթուր Վարդանյանին մի քանի անգամ տարել է Գյումրի եւ զենք է փոխանցել։ Տեղեկացել է, որ զենքը հավաքում են Քեսաբում մարտերին մասնակցելու նպատակով։ Անուշավան Ավետիսյանը ասել է, որ ինքը փոխարինել է իր գործընկեր Հակոբին, որը զբաղված լինելու փոխարեն իրեն է առաջարկել զբաղվել զենքի փոխանցմամբ։

Դատապարտյալ Հակոբ Հակոբյանը իր հերթին ասել է, որ Արթուր Վարդանյանին պարբերաբար զենք է փոխանցել Գյումրիից Երեւան։ Աջակցել է նրանց ավտոմատ եւ փամփուշտ փոխանցել, քանի որ իմացել է, որ այն տանելու են Քեսաբ։ Ստեփանակերտ եւս եղել են Արթուր Վարդանյանի եւ Լիլիթի հետ։ Նրանց տարել է Ստեփանակերտ՝ միաժամանակ ծառայության մեջ գտնվող որդուն տեսակցելու համար։ Ասել է, որ որդին տեսողական խնդիրներ է ունեցել ու ինքը Արթուրի մոտ սիրտը երբ բացել է, Արթուրը խոստացել է աջակցել նրան։ Հակոբ Հակոբյանը վստահեցրել է, որ Արթուրից գումարի ակնկալիք չի ունեցել, միայն տեղափոխելու վճարն է ստացել։ Հակոբ Հակոբյանն ասել է, որ մի անգամ Երեւան զենք տեղափոխելիս միաժամանակ ռադիո «Մարիամից» Երեւան է տարել Հայր Անտոնին, ինչը զուգադիպություն է եղել, Հայր Անտոնը տեղյակ չի եղել զենքի տեղափոխությունից։ Հայր Անտոնը միայն իր համար է վճարել, իսկ Արթուր Վարդանյանը՝ զենքի։ Մեկ այլ մեղադրյալ՝ Մկրտիչ հովհաննիսյանը եւս հարցաքննության ժամանակ ասել է, որ ինքը զենք է փոխանցել գործով Խաչիկ Ավետիսյանին։

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրական եզրակացության համաձայն՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ