Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ուկրաինացի սահմանապահներին «անձնագիրը հափշտակելու» մեջ է մեղադրել։
Լվովում նախկին նահանգապետը հայտարարել է, որ Ուկրաինայում բացառապես օրինական է գտնվում։ Նա ասել է, որ նախօրեին ծրագրում էր Ուկրաինայի սահմանը հատել անձնագրային ստուգում անցնելով, սակայն ուկրաինացի իրավապահներն ավտոբուսից «հափշտակել» են իր անձնագիրը, որով նա սահման էր եկել։ Ուստի Ուկրաինայում Սաակաշվիլիի գտնվելը իրավաբանորեն ձեւակերպելու համար, երկուշաբթի նրա փաստաբանները Ուկրաինայի միգրացիոն ծառայություն դիմում են ներկայացրել։ Դրանում խնդրել են Սաակաշվիլիին պետության լրացուցիչ պաշտպանությունը վայելող անձի կարգավիճակ տալ, ինչը նրան արտահանձնման գործընթացում կարող է անձեռնմխելիություն տալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Միխայիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 10-ին «Շեգինի» անցակետում իր կողմնակիցների աջակցությամբ հատել է Ուկրաինայի սահմանը։ Սահմանն ապօրինի հատելու հետ կապված քրեական գործ է հարուցվել։




























