«Վերնիսաժի» բողոքող առեւտրականներն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, շուրջ 3 ժամ սպասելուց հետո վերջապես կարողացել են հանդիպել Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի հետ:
Քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ առեւտրականները բողոքել են որոշման դեմ, որի համաձայն, իրենց այլեւս արգելվում է առեւտուր անել Արամի եւ Բյուզանդի փողոցների վրա: Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, սակայն, հայտարարեց, որ շուկայի վերանորոգման առաջնային նպատակը հենց այդ երկու փողոցներում առեւտուրը բացառելն է եղել:
«Մեր խնդիրը հենց դա է եղել՝ մաքրել այդ երկու փողոցներն առեւտրականներից: Փորձել ենք բոլորի համար աշխատատեղ գտնել, գրեթե բոլորին տեղավորել ենք: Հիմա ձեր խնդիրը պետք է երկուստեք հասկանալ»,- ասաց Դավիթ Օհանյանը:
Առեւտրականներից մեկի դիտարկմանը, թե հնարավո՞ր չէ շաբաթ եւ կիրակի արգելել այնտեղ ավտոմեքենաների կայանումն ու իրենց թույլ տալ առեւտուր իրականացնել, Դավիթ Օհանյանն արձագանքեց. «Ո՞նց եք պատկերացնում՝ քաղաքապետարանը հետիոտն անցումը վերցնի ու շուկա սարքի՞»:
Մոտ մեկ ժամ տեւած հանդիպման ավարտին քաղաքապետարանի ներկայացուցիչը խոստացավ հարցը քննարկել վարձակալի հետ եւ փորձել լուծում տալ: Հստակ ժամկետներ, սակայն, փոխքաղաքապետը չնշեց:
Առեւտրականները հույս ունեն, որ խնդիրը մինչեւ առաջիկա հանգստյան օրերը կլուծվի եւ իրենք անարգել առեւտուր կիրականացնեն շուկայի տարածքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ոստիկանները թույլ չեն տվել այդ հատվածում առեւտուր իրականացնել՝ պահանջելով հավաքել սեղանները: Հիմնականում սպասքի առեւտրով զբաղվող առեւտրականները, տարակուսած են, թե ինչպես են այսուհետ օրվա հացի գումար վաստակելու։











