News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը


Քաղաքական բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը պետք է ապաքաղաքական լինի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշեւիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակմանը:

«Տասնյակ օրենքներ ունենք, որոնք բռնադատվածների եւ աքսորվածների նկատմամբ այլ վերաբերմունք, իրավունքների վերականգնում են նախատեսում: Դրա վերաբերյալ իշխանությունների հանրային ընկալման մեջ ոչինչ չի եղել: Եթե ինչ-որ մեկը դիտարկում է, որ դրանով ինչ-որ հակասովետական բան կա, ես նման ընկալում չունեմ: Ես նման զգացողություն չունեմ»,- ընդգծեց նա:

Նշենք, որ Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Ցուցադրությունը, սակայն, մշակույթի նախարարության հրահանգով ժամանակից շուտ՝ 22 օր անց փակվել է, իսկ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մի շարք սպառնալիքներ է ստացել ցուցադրությունը նախաձեռնելու համար: «Զրպարտության հետեւանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների եւ, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի։ Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) եւ խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս, դու նաեւ արվամոլների պրոպագանդիստն ես։ «Սորոս»-ից գումարներ ես ստանում: Հեռախոսով ինձ վրա գործ սարքեց այդ մարդը»,- հայտարարել է Թուխիկյանը՝ հավելելով, որ այդ ամենից հետո իր գործատուն՝ մշակույթի նախարարությունը, հասել է ցուցադրությունը փակելուն:

Այս առնչությամբ, Մշակույթի նախարարությունից հայտնել են, որ ցուցադրությունը փակվել է, որովհետեւ այն «քաղաքականացված էր»: Իսկ անձամբ նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ, իսկ Թումանյանի թանգարանի կազմակերպած ցուցադրանքի բացօթյա ձեւաչափը համաձայնեցված չի եղել իրենց հետ:

Տպել
Ամենաշատ
Partner news