Երեւանի քաղաքապետ, գիտությունների թեկնածու Տարոն Մարգարյանը համոզված է, որ աղբակույտերի մեջ կորած Երեւանում առնետների ակտիվացման ու գարշահոտության  գլխավոր «մեղավորը» ձմերուկն ու սեխն են։ Այս մասին այսօր՝  սեպտեմբերի 12-ին, ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց  Տարոն Մարգարյանը։  Ըստ նրա վիճակագրության՝  «հայկական օջախներում» ձմերուկի ու սեխի նկատմամբ ավելի մեծ պահանջարկ կա,  քան այլ երկրներում, որն էլ իր հերթին նպաստում է առնետների ակտիվացմանը եւ գարշահոտությանը։ «Ինչ մնում է տհաճ հոտին ու առնետներին,  դա սեզոնային բնույթ է կրում, դա հիմնականում ձմերուկի ու սեխի պատճառով է, որ մեր հայկական օջախներում ձմերուկից ու սեխից բոլորս օգտվում ենք, այ դա բերում է տհաճ հոտի։ Այլ երկրներում այդքան ձմերուկ ու սեխ չեն ուտում ինչքան մենք ենք ուտում»,-վստահեցրեց Տարոն Մարգարյանը։

Մինչդեռ աղբահանությունից հետո բակերով հոսող կեղտաջրի «գետակների» եւ   գարշահոտության դեմ պայքարը Տարոն Մարգարյանի ենթակայությամբ գործող թաղապետարանի պարտականությունն է։ Չնայած բնակիչների բողոքների տեղատարափին՝ այդպես էլ ողջ ամառվա ընթացքում թաղապետարանները բակերը լվանալու, առնետների հետքերը վերացնելու փորձ չարեցին։

Երբ փորձեցինք  Տարոն Մարգարյանից հետաքրքրվել, թե ինչու է թերացել քաղաքային իշխանությունը, նա ցուցադրաբար հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։