News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելը բլոգեր Ալեքսանդր Լապշինին ազատ արձակելու նպատակով Ադրբեջանի վրա ոչ մի ճնշում չի գործադրել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կնեսետի փոխխոսնակ Տալի Պլոսկովը։ 

«Ես, իհարկե, գիտեմ, թե կոնկրետ ինչն է ազդել Ադրբեջանի նախագահի նման որոշման վրա, բայց հասկանալի է, որ մենք մեր քաղաքացուն միշտ կպաշտպանենք՝ անկախ այն բանից, թե նա որտեղ է գտնվում։ Կոնկրետ անուններ չտալով՝ ես շատ ուրախ եմ, որ ադրբեջանական կողմը նման որոշում է կայացրել»,-նշեց Տալի Պլոսկովը։

Հարցին՝ արդյոք Իսրայելի կողմից Ադրբեջանի վրա ճնշում գործադրվե՞լ է՝ նա պատասխանեց․ «Ո՛չ, միանշանակ, ոչ մի ճնշում չի եղել։ Մեզ մոտ այդպես է ընդունված՝ եթե Իսրայելի քաղաքացին դժբախտության մեջ է, պետությունն ամեն պարագայում նրան փորձում է դուրս բերել այդ փորձությունից»։

Ինչ վերաբերում է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու դիրքորոշումը վերանայելուն, հատկապես հաշվի առնելով ապրիլյան իրադարձությունները եւ Իլհամ Ալիեւի ռազմական հռետորաբանության ընդլայնումը՝ Տալի Պլոսկովը նկատեց․ «Ես այստեղ պետությունը որպես խորհրդարանական եմ ներկայացնում, այլ ոչ որպես կառավարության ներկայացուցիչ, ուստի նման հարցերին պատասխանելու ես պարզապես լիազորություններ չունեմ։ Բայց ես վստահ եմ, որ իսրայելական կողմը ձգտում է անել ամեն ինչ, որպեսզի ձեր երկրների միջեւ խաղաղություն տիրի»։

Այս տարվա սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու հրաման է ստորագրել։ Պարզվել է նաեւ, որ բանտում Լապշինը քիչ էր մնում ինքնասպանություն գործեր։

2016-ի վերջին Ադրբեջանի հարցմամբ Լապշինը Մինսկում ձերբակալվել է։ Ադրբեջանը նրան «սեւ ցուցակում» է ներառել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Բելառուսի գլխավոր դատախազությունը Ադրբեջանի հարցումը բավարարելու եւ Լապշինին արտահանձնելու որոշում է կայացրել։ Բաքվի դատարանը Լապշինին երեք տարվա ազատազրկման է դատապարտել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ