News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Հայատանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայ լրագրողների հարցերին պատասխանելիս հունից դուրս է եկել. «Դուք այլ թեմաներ չունե՞ք, ինչքա՞ն կարելի է դրա մասին խոսել, այդտեղ ամեն ինչ հասկանալի է, Ռուսաստանի ղեկավարությունն այդ հարցի շուրջ բազմիցս արտահայտվել է »,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը, պատասխանելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին:

Դիվանագետները եւ մասնավորապես դեսպանները ցանկացած պարագայում հավասարակշռությունը պահպանելու նախանձելի հատկություն ունեն: Որպես կանոն՝ նրանց դժվար է հունից հանել, որովհետեւ ամենաբարդ ու անցանկալի հարցին էլ նրանք կարողանում են դրա հետ որեւէ առնչություն չունեցող պատասխան հորինել: Ասենք, հարցը վերաբերում է տանձին, իսկ իրենք լուրջ դեմքով խոսում են խնձորի մասին:

Այս անգամ Իվան Վոլինկինը չի կարողացել դասական այդ հնարքը կիրառել եւ դեսպանին ոչ բնորոշ գրգռվածություն է դրսեւորել:

ՀՀ-ում ՌԴ դեսպանը հին սերնդից է եւ փորձված դիվանագետ, ուստի պետք է լուրջ պատճառներ ունենար բռնկման համար:

Պատճառներից մեկը հենց հարցի համատեքստն է եղել: Բանն այն է, որ լրագրողները նրան հարց են ուղղել, թե որքանով է տրամաբանական, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանի ու Արցախի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին, բայց միենույն ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատում է Արեւմուտքին՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։

Պաշտոնական Երեւանը Ադրբեջանին Ռուսաստանի զենքի վաճառքը համարում է հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կնճիռը: Այս մասին բազմիցս է խոսվել ամենաբարձր մակարդակով, իսկ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանն անգամ դեմ առ դեմ բացատրություն էր պահանջում ռուսական կողմից: Եվ այնուամենայնիվ, զենքի մատակարարումը անխափան շարունակվում է: Մինչդեռ Վլադիմիր Պուտինի հայտնի մեղադրանքը Ուկրաինային զենք վաճառելու հետ կապված՝ լուրջ խաղաքարտ է դարձել Հայաստանի ձեռքին: Առաջին հերթին հենց այս հանգամանքն է դեսպանին հունից հանել, որովհետեւ իրականում այդ փաստարկին հակադարձելու ոչինչ չկա:

Մյուս կողմից, Երեւանում կրկին գլուխ են բարձրացրել հակառուսական տրամադրություները, իսկ ԱԺ-ում «Ելք» խմբակցության նախաձեռնությունը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին, առաջին հերթին համարվում է հարված՝ ուղղված ՌԴ-ին:

Դեսպանն, ընդ որում, այս թեմայով հարցին շատ ավելի ինքնավստահ է պատասխանել. «Եթե նրանք այդ հեռանկարը տեսնում են, խնդրեմ, ոչ ոք չի խանգարում, ուրիշ հարց է, թե որքանով է դա պետք Հայաստանին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը համաձայն չէ այդ հեռանկարին, որովհետեւ նրանք տեսնում են ԵՏՄ-ի կազմում գտնվելու ակնհայտ առավելությունները»։

Վոլինկինն, իհարկե, չի կարող տեղյակ չլինել, որ արդեն տեւական ժամանակ է, ՀՀԿ-ականները փորձում են հանրությանը ներկայացնել ԵՏՄ-ում գտնվելու ակնհայտ առավելությունները, սակայն առայժմ համոզիչ ցուցանիշներ չեն կարողանում բերել:

Գուցե նաեւ դա է ընդհանուր լարվածության պատճառը, որովհետեւ մի կողմից հանրության, քաղաքական, մտավորական էլիտայի մեջ Ռուսաստանի հանդեպ արդարացված դժգոհություն կա Ադրբեջանին զենքի վաճառքի պատճառով, մյուս կողմից փաստարկները, թե ինչ է շահում ՀՀ-ն ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունից, էապես կաղում են: Այդ դեպքում, բնականաբար, մեծ է վտանգը, որ Հայաստանում «Ելքի» նախաձեռնությունը թափ կհավաքի սրանից բխող հետեւանքներով:

Տարօրինակն այն է, որ իշխանության ներկայացուցիչները ջանք չեն խնայում՝ ապացուցելու համար, որ իրենց չեն կիսում ընդդիմության մոտեցումները եւ ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին այլընտրանք չեն տեսնում: Էդուարդ Շարմազանովը արդեն երկու շաբաթ այս թեմայով հարցազրույցներ է տալիս, իսկ այսօր անգամ ամբիոնից իր հայտարարությունը նվիրել է սրան:

Զուգահեռաբար իշխանությունը հոգ է տանում, որ հակառուսական տրամադրությունները հնարավորինս քողարկվեն եւ ջրի երես դուրս չգան: Դրա համար նույնիսկ դիմում են աբսուրդ քայլերի, ինչպես Թումանյանի տուն-թանգարանում «Խավարում» խորագրով ցուցադրության արգելքն է:  Ցուցադրությունը նվիրված է Ստալինյան ռեպրեսիաների 100-րդ տարելիցին, իսկ իշխանության ներկայացուցիչները դրա մեջ հակառուսական քաղաքական էլեմենտ են տեսել:

Նույն տրամաբանությամբ ՀՀԿ-ն թույլ չի տալիս քննարկում ծավալել Երեւանի որոշ փողոցներ վերանվանելու՝ ավագանու «Ելք» խմբակցության առաջարկի շուրջ: Այստեղ նույնպես հակառուսական էլեմենտ է նշմարում, հատկապես որ ՌԴ քաղաքական շրջանակներից չհապաղեցին իրենց վրդովմունքը հայտնել այդ գաղափարի նկատմամբ:

Թվում է, շուտով երեւանյան բիսեդկաներում զրույցների ժամանակ ՌԴ-ի դեմ որեւէ խոսք ասելու արգելք կսահմանվի:

Եվ այս իրավիճակում առնվազն տարակուսելի է, թե ինչու է նյարդայնացած Իվան Վոլինկինը: Միթե ռուս բարեկամները չեն հավատում իշխանության ներկայացուցիչների պնդումներին, որ Հայաստանը ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ին այլընտանք չունի, չի ունեցել եւ տեսանելի ապագայում չի ունենալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ