News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մշակույթի նախարարությունն ո՜ւր, ազգային արժանապատվությունն ո՜ւր։ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց մշակույթի նախարարության քայլին, որը փակել է  Թումանյանի տուն-թանգարանում օգոստոսի 4-ին բացված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված բոլշեւիկյան բռնաճնշումների զոհերին:

Նախարարությունը պատճառաբանել է, թե ցուցահանդես «մի փոքր քաղաքականացված է»։

Անահիտ Բախշյանը համարում է, որ մշակույթի նախարարության գործելաոճը մերօրյա պատմության խայտառակությունն է. «Շատ վատ են արել, ես ասել եմ՝ դուք ո՜ւր, Նարինե Թուխիկյանն ո՜ւր։ Ազգային արժանապատվությունն ո՜ւր, դուք ո՜ւր, հետեւաբար այն ինչ արել են, դա մեր այսօրվա պատմության խայտառակությունն է»,-ասել է Անահիտ Բախշյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Ցուցադրությունը, սակայն, մշակույթի նախարարության հրահանգով ժամանակից շուտ՝ 22 օր անց փակվել է, իսկ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մի շարք սպառնալիքներ է ստացել ցուցադրությունը նախաձեռնելու համար:

«Զրպարտության հետեւանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների եւ, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի։ Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) եւ խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս, դու նաեւ արվամոլների պրոպագանդիստն ես։ «Սորոս»-ից գումարներ ես ստանում: Հեռախոսով ինձ վրա գործ սարքեց այդ մարդը»,- նշել է Թուխիկյանը՝ հավելելով, որ այդ ամենից հետո իր գործատուն՝ մշակույթի նախարարությունը, հասել է ցուցադրությունը փակելուն:

Ցուցադրության ժամանակ հայ բոլշեւիկների նկարների տակ մակագրված է եղել «ինքնամոռաց հայ բոլշեւիկ, երբեմն տականք»: Ըստ էության հենց սա էլ առաջացրել է ոմանց զայրույթը, սակայն, Թուխիկյանի խոսքով՝ դա իր ձեւակերպումը չէ, այլ ՀՀԿ գաղափարական հիմնասյուն՝ Գարեգին Նժդեհի շատ հիմնավոր բնորոշումն է:

Այս առնչությամբ, Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը հայտնել է, որ ցուցադրությունը փակվել է, որովհետեւ այն «մի փոքր քաղաքականացված էր»: Իսկ անձամբ նախարար Արմեն Ամիրյանը մի փոքր այլ պատճառ է նլե. «Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ, իսկ Թումանյանի թանգարանի կազմակերպած ցուցադրանքի բացօթյա ձեւաչափը համաձայնեցված չի եղել»:

Տպել
Ամենաշատ