News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դատարաններում ապօրինի խուզարկությունների դեմ գործադուլ հայտարարած 184 փաստաբաններն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հավաք-քննարկում են հրավիրել:

Հանրային հնչեղություն ունեցող գործերով արդեն շուրջ 3 ամիս է՝ դատական կարգադրիչները փորձում են խուզարկել փաստաբաններին: Նախօրեին արդեն իսկ Դատարանների նախագահների խորհուրդը հրապարակել է արգելված իրերի ցանկը, թե ինչ չի կարելի մտցնել դատարան:

«Վերաբերմունքը դեպի փաստաբաններ ցույց տվեց, թե պետությունն ինչպես է մեզ արժեւորում: Մենք համարվում ենք ամենաթույլ օղակը, երբ ստորացուցիչ զննություն են կազմակերպել, ինչպե՞ս կարելի է կնոջից պահանջել բացել պայուսակն օտար տղամարդկանց մոտ: Մենք հրավիրում ենք պետական իշխանության ուշադրությունն այս խնդրի վրա: Ինչ վերաբերում է արգելված իրերի ցանկին, համոզված եմ՝ դատարանների նախագահները չեն կարդացել այս փաստաթուղթը, Քոմեդի քլաբի տեքստ է սա, պատկերացնո՞ւմ եք՝ արգելվում է մտցնել գործելու շյուղ, ոնց որ փաստաբաններն ամբողջ օրը դրանով են զբաղվում: Հույս ունենք, որ այս մեկօրյա ակցիան բավարար կլինի, որ գտնեն բոլորի համար հարմար լուծում»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համար նույնպես նվաստացուցիչ է այս իրավիճակը. «Ցանկում պակասում էր սեխի ու ձմերուկի արգելումը»:

Դատարանների նախագահների խորհրդի հրապարակած ցանկը ծիծաղելի է նաեւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի համար: Նրա համոզմամբ, այս որոշման հեղինակը Արման Մկրտումյանն է, որը չարաշահել է իր լիազորությունները, իսկ այս ամբողջը քաղաքական գործընթաց է, որտեղ իջեցվում են քաղաքական պատվերներ, որոնք կատարվում են տարբեր մարմինների կողմից:

Փաստաբաններից Մուշեղ Շուշանյանն էլ համոզված է՝ եթե Փաստաբանների պալատի նախագահն ի սկզբանե դիրքորոշում հայտներ, հարցը վաղուց լուծված կլիներ:

«Հենց սկզբից սկսվեց քննարկվել՝ սա զննությո՞ւն է, թե՞ խուզարկություն, ՓՊ նախագահի թեթեւ ձեռքով փորձ արվեց ապացուցելու, որ սա զննություն է, մինչդեռ բոլորիս համար պարզ է, որ տեղի ունեցածը խուզարկություն է: Դատական դեպարտամենտի հետ համատեղ հայտարարություն ստորագրելուց հետո ՓՊ նախագահն ավելի հեռուն գնաց եւ հայտարարեց, որ հնարավոր է նռնակ մտցնելու փորձ կատարվի: Այն, ինչ պետական այլ մարմին չի հայտարարում, հայտարարվում է ՓՊ նախագահի շուրթերով: Տպավորություն է, որ ՓՊ նախագահի առջեւ խնդիր է դրված անկախ փաստաբանների դեմ արշավ տանել: Այս մեկօրյա գործադուլով խնդիրը լուծում չի ստանա, կարծում եմ: Պետք է քննարկել պայքարի այլ տարբերակներ եւս»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:

Փաստաբան Գրիշա Բալասանյանն էլ, ուղղակիորեն դիմել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, հայտարարեց. «Ցավում եմ, որ պարոն Զոհրաբյանը մաս կազմեց այն խաղին, որն առաջարկեց Դատական դեպարտամենտը: Միգուցե որոշակի կաշկանդվածություն ունի, բայց փաստաբանները պետք է պայման առաջարկող լինեն: Պարոն Զոհրաբյան, զերծ մնացեք Դատական դեպարտամենտի հետ խաղ կատարելուց: Ներկայումս առկա խնդիրները ընդդիմադիր փաստաբաններինը չեն միայն, բոլորի խնդիրներն են»,- ասաց Գրիշա Բալասանյանը:

Տպել
Ամենաշատ