News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի ուսուցիչները սպառնում են անժամկետ գործադուլ սկսել: Բոլոր պատկան մարմիններին հղած բաց նամակում նրանք ներկայացնում են խնդիրները:

Բա նամակում, մասնավորապես, ասվում է.

«Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը նախատեսված է 200 աշակերտի համար, մինչդեռ այսօր դպրոցում կրթություն է ստանում 601 աշակերտ: Այդ պատճառով դպրոցը չունի գրադարան, ինֆորմատիկայի, շախմատի եւ տեխնոլոգիայի դասասենյակներ, բուֆետ, դահլիճ եւ մարզադահլիճ, բավարար քանակով սանհանգույցներ: Նույն պատճառով կիսվող դասաժամերը չեն կիսվում: 2016-2017 ուստարում տեղ չլինելու պատճառով օրենքի խախտմամբ ունեցել ենք երկու առաջին դասարան` 37-ական աշակերտով: Այս տարի վիճակը էլ ավելի է սրվել, քանի որ ունեցել ենք 56 շրջանավարտ եւ 76 առաջին դասարանցիներ (38 հոգանոց գերհագեցած 2 դասարան):

Այսպիսով, դպրոցի հիմնանորոգման խնդիրը դարձել է անհետաձգելի:

Խնդրին տեղյակ են բոլոր պատկան մարմինները, բայց նրանց անգործության պատճառով տարիներ շարունակ երեխաները զրկված են կրթություն ստանալու բավարար պայմաններից:

Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը եւ ծնողական համայնքը հայտարարում են, որ դպրոցը պետք է անհապաղ հիմնանորոգել: Դրա հետ մեկտեղ առաջարկում է ժամանակավոր միջանկյալ լուծում` ծայրահեղ վիճակը մեղմելու նպատակով: Դպրոցից 500 մ հեռավորության վրա գտնվում է Ն.Սիսակյանի անվան ավագ դպրոցը, որը նախատեսված է 1500 աշակերտի համար, բայց ներկայումս սովորում են 280 աշակերտ:

Մենք առաջարկում ենք տարրական դպրոցը` 293 աշակերտով, ժամանակավորապես տեղափոխել ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը, մինչեւ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ավարտը: Այս միջանկյալ լուծումը համընկնում է ՀՀ կառավարության եւ ԿԳՆ ռազմավարությանը:

2017 թվականի մայիսի 4-ին դպրոցի մանկավարժներն իրականացրել են մեկօրյա նախազգուշական գործադուլ, որից հետո պատկան մարմինների կողմից որեւէ գործնական քայլ չի արվել:

Տասը օրվա ընթացքում հարցին խելամիտ լուծում չտալու դեպքում Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը եւ ծնողական համայնքը ստիպված են գնալ անժամկետ գործադուլի»:

Տպել
Ամենաշատ