News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Միգրացիոն ծառայության միջնորդությամբ՝ շուրջ 6 հազար ՀՀ քաղաքացու նկատմամբ ՌԴ պատժամիջոցները վերացել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Եգանյանին՝  թե Ռուսաստանից դեպորտի ենթարկված քաղաքացիների ի՞նչ մասշտաբի հետ գործ ունենք եւ  որքանո՞վ է այդ գործընթացը համապատասխանում ԵՏՄ շրջանակներում գործող իրավակարգավորումներին։ Նա հիշեցրեց, որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք երկար ժամանակ ՌԴ-ում են բնակվում, գալիս են Հայաստան եւ հետ գնալիս պարզում են, որ իրենց մուտքի ճանապարհը ՌԴ փակ է։

Ի պատասխան Գագիկ Եգանյանը նշեց, որ այս դեպքում գործ ունեն ոչ թե դեպորտի հետ, այլ մուտքի արգելանքի, քանի որ դեպորտն ուրիշ վարչական վարույթ եւ ուրիշ պրոցես է. «Խոսքը վերաբերում է այն անձանց, որոնք կամա-ակամա մեծ կամ փոքր խախտումներ են թույլ տվել գտնվելով ՌԴ-ում։ Ռուսաստանը եւ պրակտիկայում, եւ օրենսդրորեն բավականին պատժամիջոցներ է սահմանել, որը գործում է, երբ որ անձը դուրս է գալիս ՌԴ տարածքից։ Սա միայն ՀՀ քաղաքացիների համար չէ, այլ բոլոր օտարերկրացիների»:

Ինչ վերաբերում է այդ քաղաքացիներին օգնելուն Եգանյանն ասաց, որ իրենք նախկին ֆեդերալ միգրացիոն ծառայության հետ ունեցած համագործակցության շրջանակներում մեխանիզմ են սահմանել, որով քաղաքացին դիմում է իրենց ծառայությանը, իրենք էլ միջնորդագրով դիմում են ՌԴ համապատասխան ծառայությանը՝ խնդրելով պատժամիջոցները մեղմել կամ վերացնել։

«Մինչեւ հիմա մեր ծառայության միջոցով ուղարկվել են 15 հազարի հասնող դիմումներ, որոնցից 6 հազարի դեպքում մեր խնդրանքը բավարարվել է։ Մենք խնդրել ենք նաեւ Ռուսաստանում գտնվողների համար, որոնք ունեն խնդիր եւ վախենում են դուրս գալ, եթե նրանց խախտումները համապատասխանում են իրենց հոդվածի կետերին՝  դրանց նույնպես մեղմ վերաբերվել։ 22 հազար անձի հետագա արգելանքը հանվել է»:

Գագիկ Եգանյանի խոսքով, ԵՏՄ-ն անկանոն միգրացիայի հարցերի հետ կապված չունի որոշակի համակարգումներ, այն աշխատանքային միգրացիային է վերաբերում, իսկ միգրացիոն օրենսդրությունը պետք է հարգվի օտարերկրացիների կողմից։

Փաշինյանն արձագանքեց, որ օգնության համար իրենց եւս քաղաքացիներ են դիմել։

«Ովքեր ձեզ դիմում են ուղղորդեք մեր ծառայություն, քանի որ նրանք պետք է անձամբ իրենց ձեռքով դիմում ներկայացնեն ռուսական պաշտոնյաներին»,- ասաց Եգանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ