News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը վստահ է, որ «Խավարում» ցուցահանդեսը փակելով՝ պետությունը խոչընդոտել է արվեստին, ինչը ստեղծագործության իրավունքի ոտնահարում է։ Այս մասին նա ասել է սեպտեմբերի 14-ին՝ խորհրդային տարիների բռնաճնշումների զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսի փակմանը նվիրված ասուլիսի ժամանակ։

«Ես առաջին հերթին կարող եմ ասել, որ քաղաքականությունը չպետք է արվեստի վրա որեւէ ազդեցություն ունենա։ Պետության պարտքն է արվեստի համար նպաստավոր պայմաններ ապահովել։ Ոչ թե ֆինանսական, այլ ստեղծի համապատասխան դաշտ եւ չխանգարի ստեղծագործելուն։ Պետությունը խոչընդոտել է արվեստին, ինչը ստեղծագործության իրավունքի ոտնահարում է։ 1937 թվականի տեղահանությունը ոչնչով պակաս չէր օսմանյան կայսրությունում տեղի ունեցած տեղահանումներից։ Ինչու՞ են մի կայսրության տարածքում տեղի ունեցած բռնաճնշումներից խոսում, իսկ մյուսում՝ մոռանում։

Արվեստը քաղաքականություն է այն դեպքում, երբ արվեստագետը քաղաքական իշխանության համար անհարմար հարցեր է բարձրացնում։ Քաղաքականությունը փորձում է արվեստի վրա սահմաններ դնել։ Խնդիրը ոչ թե արվեստի մեջ է, այլ քաղաքականության որակի։ Ցուցահանդեսը միանշանակ պետք է վերաբացվի, գրաքննադատությունը պետք է վերանա, եւ այդ ցուցահանդեսը պետք է նաեւ այլ վայրերում ցուցադրվի»,– ասաց Սաքունցը։

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է արդյոք այս միջադեպից հետո մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրաժարականը, Սաքունցը թերահավատություն հայտնեց, որ նախարարի հրաժարականով հարցը կլուծվի։

«Որոշումը կայացվել է ոչ թե նախարարի մակարդակով, այլ Բաղրամյան 26-ում։ Արդյոք իրավիճակը կփոխվի՞, եթե նախարարը հրաժարական տա։ Ընդամենը մի քանի վայրկյանն էլ բավարար է այդ ցուցահանդեսի բացման համար։ Հրահանգը եղել է նախագահականից, եւ Մշակույթի նախարարությունը պատրաստ չէր մեկնաբանություն տալ։ Այդ պատճառով էլ նախարար Արմեն Ամիրյանը, որը ներքաղաքական խոհանոցից տեղյակ է եւ գիտի, որ քաղաքական մեկնաբանություններ տալը սխալ է, նախընտրում է անհեթեթ հիմնավորումներ տալ՝ կարծելով, որ ավելի լավ է անհեթեթ երեւալ, քան անել մի բան, որի իրավունքը չունի։ Իսկ այ փոխնախարարն ավելի միամիտ է եղել եւ ավելի լուրջ խնդիրներ կունենա։ Սուրբ կովին իրավունք չունեն դիպչելու։ Նույնսիկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասում է, որ քաղաքական բռնաճնշումների մասին ցուցահանդեսը պետք է լինի ապաքաղաքական։ Այսինքն՝ անգամ Աժ–ում չեն կարող խոսել դրա քաղաքական գնահատականի մասին, քանի որ դրա տեղը Բաղրամյան 26–ն է»,– նշեց իրավապաշտպանը»։

Նրա կարծիքով  հասարակության վարքագիծը պետք է լինի հետեւյալը. սեփական միջոցներով կազմակերպել ցուցահանդեսի ցուցադրումը։  Հանրությունը չպետք է զիջումների գնա։ Մենք մեր դիրքերը հանձնում ենք։ Հակառակ դեպքում  մի օր կգա նման խոսակցությունը կհամարվի գրաքննադատության առարկա։

Տպել
Ամենաշատ