News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայությունն ուշադրության կենտրոնում է պահում «Հյուսիս-հարավ» մայրուղու հարեւանությամբ գտնվող շուրջ 30 պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանի փոխանցմամբ, մինչ օրս հուշարձանի վնասման կամ պահպանական գոտու խախտման դեպք չի արձանագրվել` բացառությամբ մեկի: Մայրուղու շինարարարությունը իրականացնող կազմակերպությունը ճանապարհի շինարարության համար օգտագործելու նպատակով քանդել էր Լանջիկ գյուղի հարակից բլրի հողաշերտի մի հատվածը, որը կարող էր վտանգել բլրի մյուս հատվածում գտնվող «Փարաքար» դամբարանադաշտի անխաթարությունը: Վալերիկ Նազարեթյանի խոսքով անմիջապես զգուշացրել են համայնքի ղեկավարին, շինարարական ընկերության պատասխանատուներին եւ խնդիրը կարգավորվել է:

Մարզային ծառայության պատասխանատուները, հուշարձանների պահպանության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով, համագործակցում են մարզպետարանների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

«Համայնքների ղեկավարներն իրազեկված են, որ հուշարձանների պահպանական գոտիներում պատմամշակութային նշանակության հողերի օտարման, վարձակալման, հողատարածքներում շինարարական, գյուղատնտեսական բնույթի աշխատանքներ իրականացնելիս պետք է նախապես տեղեկացնեն լիազոր մարմնին` ստանալու նրա համաձայնությունն ու թուլտվությունը», - նշել է Վ. Նազարեթյանը:

«Մշակութային Գյումրին առաջիկայում նորովի կներկայանա», -ասում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը` վկայակոչելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը:

ՊՄՊ մարզային ծառայության պետը համոզված է, որ Ռուսաթավելի փողոցի նորոգումից հետո Գյումրի այցելող յուրաքանչյուր ոք կզգա մշակութային ավանդույթներով հարուստ քաղաքի շունչը:

Տպել
Ամենաշատ