Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 14-ի կեսօրին հնչած կրակոցներից վիրավորված 39-ամյա Վահագն Աբգարյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ այս պահին նրան դեռ վիրահատում են: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով, վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել ժամը 13.50-ին:

«Այս պահին դեռ վիրահատությունը շարունակվում է, կտեւի եւս 2 ժամ»,-ասաց նա:

Գլխավոր բժշկի խոսքով, վիրավորը ստացել է վնասվածք կրծքավանդադակի աջ կողմում, նաեւ աջ նախաբազկային հատվածում՝ ոսկրի վնասումով:

«Այս պահի դրությամբ միկրովիրաբույժները եւ վնասվածքաբանները նրան վիրահատում են, որ վերականգնեն վնասված նյարդերը, մկաններն ու ջլերը: Կյանքին վտանգ չի սպառնում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ,  Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 13.25-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով կան վիրավոր եւ մեկ սպանված:

NEWS.am-ի տեղեկություններով սպանվածը 43-ամյա Գարիկ Մոսինյանն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ: