News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Միացյալ նահանգները կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի իշխանություններից առավել  վճռական քայլեր է ակնկալում։ «Ա1+»-ի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասում է. «Միացյալ նահանգների կառավարությունը ցանկանում է ի վերջո արդյունքներ տեսնել կոռուպցիայի դեմ պայքարում։ Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում տեսել ենք կոռուպցիայի հետ կապված գործեր դատավորների նկատմամբ։ Այդ գործերը դեռ քննության ընթացքում են, եւ դրանց վերջնական հանգուցալուծումը չկա։ Պետք է լինեն այլ գործեր եւս՝ քաղաքական, տնտեսական, ազդեցիկ կապեր ունեցող մարդկանց վերաբերյալ, ովքեր միգուցե ներգրավված են կոռուպցիայի հետ կապված գործերում»։

Ամեն տարի ԱՄՆ-ն 3 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Հայաստանի իրավական համակարգին։ Բայց Հայաստանի քաղաքացիներն էական փոփոխություններ չեն զգում։ Ըստ դեպանի՝ սա չի նշանակում, որ տրամադրվող գումարները չեն ծառայում նպատակին։

«Եթե ես վստահ չլինեի, որ միջոցները արդյունավետ են ծախսվում, չեն օգնում առաջ շարժվել դատաիրավական բարեփոխումների ասպարեզում, ապա հենց հաջորդ օրը ես ծրագիրը դադարեցնել կտայի։ Դատաիրավական համակարգում վստահության ձեւավորման, անաչառության կայացմանն ուղղված աշխատանքները երկար ժամանակ են պահանջում, եւ նաեւ բարդ է այդ ոլորտում աշխատանքներ իրականացնելը։ Հայաստանում հենց այդպես էլ ընթանում են այդ աշխատանքները, սա, սակայն, արդարացում չէ։ Բայց, այնուամենայնիվ, իրողությունն այն է, որ դատաիրավական համակարգը չի գտնվում այնտեղ, որտեղ մենք կուզեինք այն տեսնել»,- ասում է դեսպանը։

Ըստ Ռիչարդ Միլսի՝  համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել իրավապահների աշխատանքում դրական տեղաշարժեր ապահովել։ Բայց դեսպանը չի մոռանում նախորդ 2016-ի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցածը։ Ինքն անձամբ է այցելել հիվանդանոցներ ու տեսակցել ոստիկանական գործողություններից վիրավորվածներին. «Ես շատ ցնցող բաներ տեսա։ Մինչ այդ օրը ոստիկանությունը կարծես բավականին լավ իրականացնում էր իր աշխատանքը՝ հնարավորություն տալով մարդկանց խաղաղ հանրահավաքների միջոցով իրենց բողոքն արտահայտել, եւ տեսնելով այդ բռնությունները դա շատ հուսախաբ արեց մեզ»,- ասում է Ռիչարդ Միլսը։

Դեսպանը հետեւում է ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռեր խմբի անդամների, ինչպես նաեւ ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի գործերով դատավարություններին։ Իրեն իրավունք չի վերապահում խորանալ քրեական գործի մանրամասների մեջ, բայց ակնկալիք ունի, որ կապահովվեն մարդու իրավունքներն ու պատշաճ դատավարական ընթացակարգերը. «Սասնա ծռերի գործի հետ կապված դատավորները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն ամբաստանյալներին, որովհետեւ նրանց շարքերում կան մարդիկ, ովքեր ոստիկանական գնդի գրավմանն ու բռնություններին չեն մասնակցել, եւ նրանց նախնական կալանքի տակ պահելու համար դատավորները պետք է հավելյալ հիմքեր ունենան»։

Հայաստանում ներդրումներով հետաքրքրված ամերիկացի գործարարները դեսպան Ռիչարդ Միլսի հետ կիսվել են, թե ինչու են վարանում Հայաստան գումարներ բերելու հարցում։ Դեսպանը պատմեց. «Ամերիկյան ընկերությունների համար անչափ կարեւոր է, որ եթե բիզնեսի հետ կապված որեւէ դատավեճ լինի, դատարանը կարողանա այնպիսի մոտեցում ցուցաբերել, ինչպիսի վերաբերմունք կցուցաբերվեր մնացածների նկատմամբ»։

Հայաստանում ԱՄՆ դեսպանին հույս է ներշնչում, որ երկու երկրների կառավարությունների մակարդակում կա հետաքրքրություն՝ զարգացնելու գործարար-տնտեսական կապերը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
Ամենաշատ