News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի կենտրոնում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել. կեսօրից հետո Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչել: Միջադեպի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Սպանվածը 43-ամյա Գարիկ Մոսինյանն է, վիրավորը՝ նրա ընկերը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են, մեր տեղեկություններով՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Հիվանդանոց տեղափոխված Աբգարյանին վիրահատել են, բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում:

Իրավապահները դեպքի վայրում ինքնաձիգ եւ ատրճանակ են հայտնաբերել: Նշենք, որ արդեն հայտնի է սպանության մեջ կասկածվող անձանց ինքնությունը: Ոստիկանությունը, սակայն, մանրամասներ չի հայտնում: Նշվում է միայն, որ ամբողջ հանրապետությունով որոնում են նրանց:

Ազգային ժողովում այսօր քառօրյայի վերջին նիստն էր: Աշնանային նստաշրջանի մասնակցող պատգամավորները, կարծես, դեռ ամռան տեմպից դուրս չեն եկել: Այս քառօրյայի համար նախատեսված 30 նախագծերի քննարկումն ու առաջին ընթերցմամբ ընդունումն ավարտվեց շատ կարճ ժամկետում՝ 3.5 օրում: Ներկայացված հարցերի մեծ մասի վերաբերյալ սուր քննարկումներ չեղան: Ամենաշատ քննարկված եւ քննադատվածը Երեւանի ավագանու խմբակցություններին հանրաքվե նախաձեռնելու իրավունքից զրկելու մասին նախագիծն էր: «Ելք»-ը պահանջում էր չընդունել այս փոփոխությունը՝ պնդելով, որ սա քաղաքական որոշում է եւ ուղղված է Երեւանի ավագանիում իրենց խմբակցության գործունեության դեմ: Մյուս քննադատված նախագիծն էլ վերաբերում էր հայ-իրանական Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի մասին համաձայնագրին: Բայց այս դեպքում ավելի շատ ոչ թե քննադատություն, այլ թերահավատություն հնչեց, որ հայ-իրանական մյուս նախագծերի նման, սա նույնպես միայն թղթի վրա է մնալու:

Կառավարության այսօրվա նիստում շատ է քննարկվել գյուղատնտեսության թեման: Գործադիրը հավանություն է տվել ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին: Պետության համար բեռ է, բայց արդյունքների հարցում վարչապետը լավատես է: 2012 թվականից գյուղացիներին արտոնյալ գներով տրամադրվող պարարտանյութի, սերմերի եւ դիզվառելիքի դիմաց պարտքեր են կուտակվել: Կառավարությունը գյուղացիներին կների այդ պարտքերը, բայց միայն մեկ անգամ:

Կարեն Կարապետյանը նաեւ խնդիր է տեսնում շինարարության տեմպերի հետ կապված: Հանձնարարել է ըստ եղանակային պայմանների շինարարության կազմակերպման նորմատիվային պահանջներ մշակել: Ասում է՝ կարծրատիպ է, որ ձմռանը շինարարություն չեն անում, իսկ արդյունքում կառուցապատողները խնդիրներ են ունենում:

Իսկ նիստից հետո լրագրողները մշակույթի նախարարին հարցրել են մի քանի օր շարունակ բուռն քննարկման առարկա դարձած ցուցահանդեսի փակման մասին: Հիշեցնենք, որ Թումանյանի տուն-թանգարանի բակում Ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես էր բացվել՝ «Խավարում» խորագրով: Այն, սակայն, օրերս փակվել է: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը հավաստում է, որ իրեն սպառնալիքներով ստիպել են փակել ցուցահանդեսը: Արմեն Ամիրյանը հայտարարել է, որ փակելու հարցում որեւէ հարկադրանք կամ ճնշում չի եղել: Նախարարը, սակայն, այդպես էլ չի կողմնորոշվել. նախարարությունը բովանդակության, թե՞ ձեւաչափի մեջ է խնդիր տեսել: Հետո արդեն Ամիրյանը նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումն ու բացումը չի համաձայնեցվել նախարարության հետ, իսկ ցանկացած մշակութային նախաձեռնություն ծախսեր է ենթադրում, որոնք բյուջեից են տրամադրվում: Ի վերջո, հասկանալի չէ, թե արդեն կատարված ծախսերի պարագայում ինչու է փակվել արդեն իսկ 22 օր տեւած ցուցահանդեսը: Ամեն դեպքում, նախարարը հայտարարել է, որ բոլոր խնդիրները պարզելուց հետո, հնարավոր է, ցուցահանդեսը վերաբացվի:

«Սասնա ծռեր»-ի 18 անդամի գործով դատական նիստն այսօր եւս հետաձգվել է. դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարել է, որ 8 պաշտպան բացակա է, մինչդեռ միջնորդությունների փուլն է եւ բոլորի ներկայությունը պարտադիր է: Մինչ նիստը հետաձգելը դատավորը վերացրել է դահլիճում ներկա փաստաբանների պաշտպանյալների տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելանքը:

Բացի այդ՝ Արտուշ Գաբրիելյանը կրկին դատական սանկցիա է կիրառել փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ: Նրանք այսօր դատարանի բակում էին, բայց ներս չեն կարողացել մտնել, քանի որ դատական կարգադրիչները պահանջել են բացել պայուսակները: Պաշտպաններն ընդդիմացել են եւ զրկվել նիստին մասնակցելու հնարավորությունից:

Ալեքսանդր Լապշինը վերջապես հեռացել է Ադրբեջանից: Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 11-ին ներում էր շնորհել բլոգերին: Լապշինն Իսրայել է հասել եւ տեղափոխվել Հայֆայի հիվանդանոց՝ բուժզննում անցնելու: Օրերս հայտնի էր դարձել, որ նա Բաքվի մեկուսարանում ինքնասպանության փորձ է կատարել: Ադրբեջանի հարցմամբ բլոգերը ձերբակալվել էր 2016 թվականին Մինսկում եւ արտահանձնվել Ադրբեջանին: Բաքվի դատարանն Ալեքսանդր Լապշինին 3 տարվա ազատազրկման է դատապարտել:

«Նոր ալիք» երգի մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը: Երգչուհին 362 միավոր է հավաքել եւ Մոլդովայի ու Ուզբեկստանի ներկայացուցիչների հետ կիսում է 1-ին տեղը: Հայաստանի մյուս մասնակից Սյուզաննա Մելքոնյանը 357 միավորով 2-րդ տեղում է: «Նոր ալիք»-ը երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային մրցույթ է: 2002 թվականին այն հիմնադրել են Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսը: «Նոր ալիք»-ում Հայաստանը հաղթել է նաեւ 2010 թվականին: Յուրմալայում անցկացվող մրցույթում մեր երկիրը ներկայացնում էր երգչուհի Սոնա Շահգելդյանը:

Սեպտեմբերի 14-ին դոլարը թանկացել է, եվրոն՝ կտրուկ էժանացել: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 568, ռուբլունը՝ 8 դրամ 30 լումա, ֆունտինը՝ 631 դրամ:

Սեպտեմբերի 15-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 16-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Սեպտեմբերի 17-ին օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ