Երեւանում սեպտեմբերի 14-ին մեկնարկել է ԵՊՀ-ի 18-ամյա ուսանողի աղմկահարույց սպանության գործով դատավարությունը:
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Կարեն Չատիկյանին սպանված Վահե Մուրադյանի հարազատները դիմավորեցին վիրավորական արտահայտություններով: Դատավորը ստիպված էր մի քանի անգամ սաստել ներկաներին, մինչեւ նիստի մեկնարկելը:
Կարեն Չատիկյանը հրաժարվեց դիրքորոշում հայտնել մեղադրանքի վերաբերյալ: Այնուհետեւ արդեն հարցաքննվեց գործով տուժող, Չատիկյանի կողմից դականահարված Ռաֆիկ Մարտիրոսյանը: Նա պատմեց, որ Վահեի հետ մտերիմ ընկերներ են եղել արդեն 5 տարի եւ որեւէ խնդիր միմյանց հետ չեն ունեցել:
«Ասում են, թե դեպքից առաջ եղել է խոսակցություն, որի ժամանակ ես վիրավորական արտահայտություններ եմ արել, բայց այդպիսի բան չի եղել, մենք դասարանցիներով հավաքվել էինք, եղել է ընկերական խոսակցություն, ոչ մի վիրավորանք չի եղել: Հունվարի 11-ին ես ու Վահեն գնացել ենք, Կարեն Չատիկյանը մի քանի հոգու հետ արդեն հավաքված է եղել տաղավարում, արժանացել ենք ագրեսիվ վերաբերմունքի: Մենք բազմիցս ասել ենք, որ վիրավորանք չենք հասցրել, լուրջ բան չկա, բայց վեճ սկսվեց, որի ժամանակ էլ եղավ քաշքշուկ: Հետո ես տեսել եմ դանակը, որով Կարեն Չատիկյանը հարվածել է ինձ ու Վահեին: Պնդում եմ, որ նա դիտավորյալ է արել»,- պատմեց Ռաֆիկ Մարտիրոսյանը:
Վկան պատմեց, որ դեպքից առաջ մրցույթի էր մասնակցել, գումար շահել քարտի տեսքով, որն էլ առաջարկել էր փոխանակել գումարի հետ:
«Որ հավաքվել էինք, ասացի՝ կարող ա մի դոդիկ լինի, առնի էդ քարտը»,- ասաց Ռաֆիկ Մարտիրոսյանը:
Մեղադրողի հարցին, թե ում նկատի ուներ «դոդիկ» ասելով՝ տուժողը պատասխանեց՝ լավ սովորողի: Թե այդ ժամանակ ինչ էր ասել Վահե Մուրադյանը, Ռաֆիկ Մարտիրոսյանը չէր հիշում: Անդրադառնալով հենց դեպքի օրը տեղի ունեցածին՝ վկան պատմեց, որ իրեն զանգել է Վահե Մուրադյանը, ասել, որ պետք է հանդիպել, այնուհետեւ իրեն զանգահարել է համակուրսեցիներից Դավիթ Մարգարյանը. «Դավիթն ինձ ասաց, որ իմ կուրսեցի Հասմիկից Կարեն Չատիկյանը փորձել է ճշտել իմ հեռախոսի համարը, որովհետեւ «դոդիկի» մասին թեմայի համար պիտի խոսեն: Դավիթն ինձ հարցրեց, թե որտեղ ենք հանդիպում ես ու Վահեն ընդհանրապես: Դավիթի հետ ժամ չենք պայմանավորվել, ես գնացել եմ Վահեի հետ հանդիպման, որտեղ էլ եկել են արդեն մյուսները»:
Ռաֆիկ Մարտիրոսյանի պատմելով, դեպքը եղել է Գնունի շուկայի մոտ գտնվող շենքերից մեկի տաղավարում: Նա վստահեցրեց, որ ինքն ու Վահեն հանդիպման են գնացել առանց դանակի: Խոսակցությունը, ըստ Մարտիրոսյանի, սկսել է ամբաստանյալ Կարեն Չատիկյանը:
«Կարեն Չատիկյանը դիմեց ինձ՝ ասելով, թե այդ ինչ արտահայտություն ես արել, ես էլ ասացի, որ դա ոչ մեկին ուղղված չի եղել, կատակ է եղել, ընդհանրապես իրենք կապ չունեն դրա հետ: Դրանից հետո Կարենը վատ տոնով ասաց, որ ես իրավունք չունեի նման բան ասել, որից հետո բռունցքով հարվածեց մեր ընկերներից մեկին: Հենց էդ հարվածից հետո սկսվեց քաշքշուկ, Վահեին ու ինձ դանակով հարվածեց Կարենը: Բնակիչների ձայները լսվեցին, իրանք երեքով դիմեցին փախուստի, մենք էլ ուզում էինք դուրս գալ, բայց Վահեն ընկավ տաղավարի մոտ, արյուն տեսանք, սրտից էր խփել... մի քանի հարված կար... ոչ մի բան չասաց Վահեն... ես տեսել եմ, որ Կարենը դանակով փորձում էր Վահեին հարվածել, ես էլ փորձում էի դանակը վերցնել Կարենի ձեռքից, բայց չկարողացա»,- հունվարի 11-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները պատմեց վկան:
Ռաֆիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ Կարեն Չատիկյանն իր ոտքին 3 անգամ դանակով հարվածել է, սակայն ավելի ուշ լսելով մոտեցող քաղաքացիների ձայները, դիմել է փախուստի: Նշենք, որ ամբողջ ընթացքում Չատիկյանը լուռ էր, նա որեւէ կերպ չէր արձագանքում վկայի ցուցմունքին:
Ամբաստանյալի պաշտպան Լիանա Գրիգորյանի հարցին, թե ում հետ էր առնչվում Կարեն Չատիկյանի խնդիրը, վկան պատասխանեց, որ չի իմանում: Մյուս հարցին՝ քանի անգամ է ինքը հարվածել ամբաստանյալին, Ռաֆիկ Մարտիրոսյանը նշեց, որ «լուրջ» հարվածներ իր կողմից չեն եղել: Լիանա Գրիգորյանը հետաքրքրվեց՝ ում է ուղղված եղել «դոդիկը», Մարտիրոսյանի փոխարեն դահլիճից հնչեց «քեզ է ուղղված եղել», որից հետո դատավոր Արշակ Վարդանյանը նիստերի դահլիճից հեռացրեց այդ քաղաքացուն:
Դատավոր Արշակ Վարդանյանը նույնպես հետաքրքրվեց՝ որն է եղել հանդիպման թեման, Ռաֆիկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Եկել էին, հարցնեին, թե ինչի եմ «դոդիկ» ասել, ես էլ պատասխանել եմ, որ ոչ մեկին ուղղված չի եղել»:
Վերջում Ռաֆիկ Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքը ցանկանում է, որ ամբաստանյալն ամբողջ խստությամբ կրի պատիժը: Սպանված Վահե Մուրադյանի հայրն էլ դատարանին խնդրեց օրենքին համապատասխան դատել ամբաստանյալին:
«Իմ տղան բազմակողմանի զարգացած էր, ակտիվ էր, վիճաբանությունների նկատմամբ սեր չուներ, երբեք կռիվների մեջ չի եղել»,- ասաց նա:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 6-ին:
Նշենք, որ չնայած նիստը տեսանկարահանելու թույլտվություն կար, ամբաստանյալը թույլ չտվեց իրեն լուսանկարել կամ տեսանկարահանել:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Չատիկյանը 2017թ. հունվարի 11-ին Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում գտնվող բացօթյա տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է Ռաֆֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով Ռ. Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վ. Մուրադյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել կյանքից:
Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ եւ 113-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:
Նշենք, որ եւ Կարենը, եւ Վահեն Երեւանի պետական համալսարանի ուսանողներ էին: Վահե Մուրադյանն ու Րաֆֆի Մարտիրոսյանը, ըստ ԵՊՀ-ի դասախոսների, բարձր առաջադիմություն ունեին, իսկ սպանության մեջ մեղադրվող՝ ճիշտ հակառակը. նրան համալսարանում հիշում էին անբավարարների քանակով ու ցածր առաջադիմությամբ: Չատիկյանն էլ նույն ֆակուլտետից էր` Վահեի ու Րաֆֆիի զուգահեռ խմբից: 2016թ. հոկտեմբերից էր վերսկսել ուսումը` ծառայությունից զորացրվելուց հետո:


























