Երեւանի կենտրոնում երեկ՝ սեպտեմբերի 14-ին, տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է: Սպանության մեջ կասկածվվում է երեք անձ, որոնց ինքնություններն արդեն հայտնի են:
Կասկածվում են 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը եւ 33-ամյա Արմեն Կարադամիդովը: NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից: Նրանք դեռ չեն հայտնաբերվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ, Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ սեպտեմբերի 14-ին, ժամը 13.25-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով կան վիրավոր եւ մեկ սպանված: NEWS.am-ի տեղեկություններով սպանվածը 43-ամյա Գարիկ Մոսինյանն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ: