News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երեւանում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է: Հանցագործության մեջ երեք անձ է կասկածվում, նրանց ինքնությունը հայտնի է. 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյան, 35-ամյա Ալբերտ Բլբուլյան եւ 33-ամյա Արմեն Կարադամիդով: Ոստիկանությունը հաստատել է լուրը՝ նշելով, սակայն, որ կասկածյալներին դեռ չեն հայտնաբերել: Հիշեցնենք, որ Վերնիսաժի մոտ երեկ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով սպանվել է 43-ամյա Գարիկ Մոսինյանը, իսկ նրա ընկերը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը, վիրավորվել: Երկուսն էլ Ալավերդիից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Աբգարյանին վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Քննչական կոմիտեն նաեւ դեպքի որոշ մանրամասներ է հայտնել: Պարզվել է, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել, կասկածյալներից երկուսը նույնպես Ալավերդիից են, մեկը՝ Երեւանից: Նրանք մեքենա են վարձակալել եւ վաղ առավոտից զինված դարանակալել են հյուրանոցի դիմաց, որտեղ գտնվել են միջադեպի զոհն ու վիրավորը: Հյուրանոցից դուրս գալիս էլ կրակել են նրանց ուղղությամբ:

Երեւանում երեկ տեղի ունեցած սպանությանն այսօր անդրադարձ է եղել նաեւ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին ճեպազրույցների ժամանակ: Դաշնակցական Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ կատարվածում մեղքի իրենց բաժինն ունեն թե՛ պետական մարմինները, թե՛ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Այդուհանդերձ, քննություն է կատարվում, եւ Ռուստամյանը հորդորում է սպասել արդյունքներին: «Ելք»-ից Նիկոլ Փաշինյանն էլ կատարվածը խայտառակ իրադարձություն է որակել եւ համոզմունք հայտնել, որ սա ներհանրապետական «ռազբորկա» է եւ կապ ունի Ալավերդիում նոյեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրությունների հետ:

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստում մեղադրյալ Սմբատ Գալոյանը որոշ մանրամասներ է պատմել: Նա, ի դեպ, պայմանագրային զինծառայող է եղել ու պարգեւատրվել է որպես լավագույն դիպուկահար: Գալոյանն ասել է, որ Սեֆիլյանին անձամբ չի ճանաչել, նրա հետ շփվել ու ծրագրերի մասին իմացել է մյուս մեղադրյալի՝ Հովհաննես Պետրոսյանի միջոցով: Նա պնդել է, որ Սեֆիլյանը ծրագրել էր հեղաշրջում իրականացնել, ինչի համար նախ պետք է գրավեին Նուբարաշենի զորամասը, բայց երբ այն գրավելու հրաման են ստացել, հրաժարվել են եւ վերադարձրել զենքերը: Պաշտպանի հարցին, թե եթե անձամբ չի ճանաչել, ինչո՞ւ է համոզված, որ Սեֆիլյանն է հեղաշրջում ծրագրել, վկան ասել է, թե Պետրոսյանից է իմացել: Նշենք, որ վերջին մի քանի դատական նիստերին դահլիճում տեսանկարահանումներ կատարել չի թույլատրվում:

Իսկ դատարանի բակում փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել: Սեֆիլյանի կողմնակիցներն այսօր դատական նիստի էին եկել գործով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի խամաճիկով: Նրանց, սակայն, այդպես էլ չի հաջողվել այն դատարանի շենք տանել:

Երեւանում մեկնարկել է 18-ամյա Վահե Մուրադյանի աղմկահարույց սպանության գործով դատավարությունը: Երեւանի պետհամալսարանի ուսանողին սպանելու մեջ մեղադրվում է կուրսընկեր Կարեն Չատիկյանը: Սպանվածի հարազատները նրան դատարանում սուլոցներով եւ վիրավորական արտահայտություններով են դիմավորել: Առաջին նիստին հարցաքննվել է Մուրադյանի մտերիմ ընկեր Ռաֆիկ Մարտիրոսյանը, որը նույնպես դեպքի օրը դանակահարվել էր: Նա  պատմել է, որ Կարեն Չատիկյանն իրենց հանդիպման էր կանչել՝ պարզելու, թե ինքն ում է «դոդիկ» անվանել: Վկան մի քանի անգամ դատարանում հայտարարել է, որ ոչ ոքի վիրավորելու մտադրություն չի ունեցել, «դոդիկ» էլ լավ իմաստով է ասել, բայց Կարեն Չատիկյանին այդպես էլ համոզել չի կարողացել. սկսված քաշքշուքը ողբերգությամբ է ավարտվել: Հաջորդ նիստին հարցաքննվելու են Չատիկյանի ու Մուրադյանի ընկերները:

Լոնդոնի մետրոյի Փարսոնս Գրին կայարանում պայթյուն է որոտացել: Միջադեպի հետեւանքով 22 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, նրանցից մեկի վիճակը ծանր է: Մետրոյում եւ կայարանից դուրս խուճապային իրավիճակ է ստեղծվել: Մետրոյի վագոնում տոպրակով դույլ է եղել, որում եղած փաթեթն էլ պայթել է: Ոստիկանության հաղորդմամբ՝ պայթուցիկ սարքը մասամբ է պայթել: Միջադեպն արդեն ահաբեկչություն է որակվել: Հետաքննությամբ զբաղվում է Սքոթլենդ Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանումը: Բրիտանական մայրաքաղաքի մետրոյի մի քանի կայարաններում երթեւեկությունը դադարեցվել է:

Սեպտեմբերի 15-ին դոլարը կայուն է եղել, բրիտանական ֆունտը կտրուկ թանկացել է: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, ֆունտինը՝ 649, եվրոյինը՝ 571, ռուբլունը՝ 8 դրամ 31 լումա:

Սեպտեմբերի 16-ի երեկոյան ժամերին հանրապետությունում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Սեպտեմբերի 17-ից օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի, 19-ից՝ 1-2 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ