Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է արել Facebook–ի իր էջում այս անգամ Ղարաբաղը ադրբեջանական տարածք «ճանաչելու մասին»։
«Գիտեք, ինչն է ինձ ամենաշատը ապշեցրել Ադրբեջանում։ Ո՛չ, ոչ թե վաղ իսլամական խալիֆայության խավարամտությունը, որը թաքցնում են ժամանակակից առեւտրի կենտրոնների քողի տակ։ Ինձ զարմացրել է, թե ինչպես է ադրբեջանցի ժողովուրդը ստորանում իմ առաջ՝ խնդրելով, որ Սաշա Լապշինը համաձայնի Ղարաբաղը ադրբեջանական տարածք անվանել։
Ադրբեջանցիները պոետների եւ վաճառականների քաղաքակիրթ ազգ էին, բայց վերածվել են, ցավոք, նյարդային եւ վրիժառու ընկերների՝ վստահ, որ իրենց երկրի ապագան, իրոք, կախված է Սաշա Լապշինից։ Այնքան շատ ուժ եւ միջոցներ են վատնել, որ ես՝ ժամանակին անհայտ գրչակս, քիչ մնաց դառնայի Ադրբեջանում ամենաազդեցիկ մարդը։ Աուուու։ Ձեզ հետ ամեն բան կարգի՞ն է։ Դուք լրջորեն մտածում եք, որ ես ինչ–որ բա՞ն եմ որոշում Հայաստանի եւ շրջակա աշխարհի հետ ձեր հակամարտության մեջ։
Այսօր ես շռայլ եմ եւ Ադրբեջանին եմ նվիրում… Ալյասկան։ Վերցրե՛ք, իսկ եթե ամերիկացիները ձեզ ուղարկեն ուր որ պետք է՝ հետույքներիդ քացի տալով, իրենց ասեք. «Լապշինը մեզ խոստացել է Ալյասկան, մենք նրանից անգամ տեղեկանք ունենք, որ նա Ալյասկան ճանաչում է Ադրբեջանի մաս։
Պատկերացնում եմ, թե Լուկաշենկոն ինչ փողեր է «քցել» Ադրբեջանին, որ Ադրբեջանի պատճառով համաձայնի փչացնել հարաբերությունները Հայաստանի, Ռուսաստանի եւ էլ չասած՝ Իսրայելի հետ։ Ինչ–որ մի բլոգերի համար։ Ահա թե ուր են գնում Կասպից նավթի փողերը։ Իսկ այդ ժամանակ ժողովուրդն աղքատության մեջ է՝ ստանալով ամսական 100-150 դոլար»,– գրել է բլոգերը։