News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայաստան-սփյուռք»  համաժողովները կարեւոր հարթակ են դարձել  Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի միասնության զորացման, գործակցության խթանման եւ մեր ժողովրդի տարբեր հատվածների փոխճանաչման եւ առնչությունների ընդլայնման համար: Այսօր մեզ հայրենիքում համախմբել է մեր ընդհանուր պատասխանատվությունն ու մտահոգությունը մեր ժողովրդի ներկայի եւ ապագայի նկատմամբ: Այս մասին սեպտեմբերի 18-ին «Հայաստան–Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ, ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։

Կաթողիկոսը նշել է, որ աշխարհաքաղաքական զարգացումները եւ այդ համատեքստում մեր ազգային ինքնության առջեւ ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական կյանքի դժվարությունները, մեր հայրենիքի հզորացումն ու ապահովությունը  ներկա մեր սերնդին վիճակված առաջնահերթ մտահոգություններն են:

«Հայրենիք-սփյուռք գործակցության շրջանակներում, իրավ է, զգալի ձեռքբերումներ ենք արձանագրել՝ զորացնելով Հայաստանն ու Արցախը եւ Սփյուռքում ազգային կյանքը: Նշանակալի է եղել սփյուռքահայերի մասնակցությունը հայրենական կյանքին՝ սկսած արցախյան ազատամարտին անմիջական ու անձնվեր մասնակցությունից ու նորաստեղծ մեր երկրի կյանքում ներդրված միջոցներից մինչեւ այլ երկրներում ի նպաստ Հայաստանի ու Արցախի ծավալած քարոզչական աշխատանքները: Միաժամանակ հայրենի պետության կողմից ջանքեր են ներդրվել ամրապնդելու հայրենիքի եւ սփյուռքի կապերն ու համագործակցությունը, աջակցելու սփյուռքում գործող ազգային կազմակերպություններին եւ սփյուռքի տարբեր հատվածների համախմբմանն ու առկա հնարավորությունները առավել նպատակային օգտագործմանը, սատարելու պատերազմական իրավիճակում հայտնված մեր ժողովրդի զավակներին, ինչպես՝ Սիրիայում եւ Իրաքում:

Այսուհանդերձ, կատարված աշխատանքները չեն սպառել ծառացած մարտահրավերները: Մեզ շարունակում են մտահոգել Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանության արդար պահանջատիրության հանդեպ շարունակվող ժխտողականությունը, արտագաղթը, սոցիալ-տնտեսական դժվարությունները հայրենիքում, խաղաղության ապահովումը մեր սահմաններում:

Մեր պետությունը՝ թեեւ բազում դժվարությունների առջեւ, համայն հայության պատվարն է եւ մեր ժողովրդի գոյատեւման  երաշխավորը: Այսօր ժամանակն է, որ դառը փորձությունների ծանրությունը կրած մեր երկիրն ու ժողովուրդը կարողանան ամուր քայլերով ընթանալ վերելքի ուղիով, որը պահանջում է ուժերի ու կարողությունների ամբողջական կենտրոնացում ու համախմբում: Ազգային համախմբման հարցում ամենքս միակարծիք ենք ու հաստատակամ: Համախմբումը, սակայն, զերծ պիտի լինի հատվածական հետաքրքրություններից ու ժամանակավոր նպատակահարմարություններից: Պաշտոնը, հասարակական դիրքը, նյութական ու մտավոր կարողությունները, որոնցով օժտված են մեր ժողովրդի զավակները, պիտի ծառայեցվեն մեր երկրի պայծառացմանը եւ ամենուր մեր ժողովրդի առաջընթացին ու ազգային կյանքի զարթոնքին: Հայրենաբնակ թե սփյուռքահայ՝ հայրենիքի եւ ազգի հանդեպ կրում ենք նույն պատասխանատվությունը: Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի եւ կամ տեղ գտած անարդարության պատճառով: Հայրենիքից չի կարելի երես դարձնել, եթե այն նեղությունների, փորձությունների ու մարտահրավերների առջեւ է կամ նվազ հարուստ ու հարմարավետ է: Զինվորն ու ծառան ենք հայրենիքի: Այս պիտի լինի մեր նշանաբանը: Հայրենիքը մենք պիտի սիրենք այն պարզ պատճառով, որ մերն է, մեր հայրերի արյամբ ու քրտինքով նվիրագործված եւ մեզ ավանդված: Հայրենիքով է զորեղ յուրաքանչյուրը՝ իբրեւ ազգի զավակ, իբրեւ կրողն ու շարունակողը հայրենյաց ժառանգության, իսկ զորությունը հայրենիքի մեր ժողովուրդն է՝ ի հայրենիս եւ ի սփյուռս միասնաբար»,– ասել է կաթողիկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ