News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հայկական համայնքի մի մասը ֆրանսերեն է խոսում, երկրորդ մասը՝ արեւմտահայերենը, երրորդը՝ արեւելահայերեն։ Դա բարդացնում է համայնքում լեզվի պահպանման խնդիրը։ Այս մաիսն NEWS.am-ի թղթակցին ասել է բանասեր հայագետ, Էքս Մարսել համալսարանի պրոֆեսոր Ռոբեր Տեր- Մերկերյանը Երեւանում անցկացված Հայաստան- Սփյուռք ֆորումի ժամանակ։

Մարսելի 80 հազարանոց, ինչպես եւ ամբողջ Ֆրանսիայի 450 հազարանոց հայկական համայնքը բազմադեմ է։ Մի մասը 4-5-րդ սերնդի հայեր են, որոնց նախնիները 1915-ից հետո են Ֆրանսիա ժամանել։  Կան կոնստանդնուպոլսցի հայեր, որոնք անցած դարի 60-70-ականներին են Ստամբուլից տեղափոխվել,  կան նաեւ Լիբանանից քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 70-80 ականներին տեղափոխվածներ։ Եվ վերջապես՝ հայաստանցի հայեր, որոնք ժամանել են 90-ականներից սկսած՝ Խորհրդային միության փլուզումից հետո։

Այդ խմբերը իրարից առանձնացված են՝ ինչպես ջուրն ու յուղը։ Դա վերաբերում է նաեւ հայերենին, որով նրանք խոսում են։

«Հին» ֆրանսահայերը, ցավոք, ոչ միշտ են տիրապետում նախնիների լեզվին։ Նույնիսկ համայնքի ժողովներին շատերը ֆրանսերեն են խոսում՝ բացի հոգեւորականներից (նրանց վայել չէր լինի հայերենը մոռանալը)։ Իսկ հարսանիքներին, հատկապես եթե ամուսնացողները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, աղոթքների կեսը հայերեն են կարդում , մյուս կեսը՝ ֆրանսերեն,՝  ոչ հայ կեսի ու նրա ազգականների հանդեպ հարգանքից դրդված։

Հին ու նոր վերաբնակները հաճախ են բախվում այն հարցին, թե որ լեզուն սովորեն՝ արեւելահայերենը, թե՞ արեւմտահայերենը։

Հայաստանի Սփյուռքի նախարարությունն առաջին հերթին արեւելահայերենի մասին է հոգ տանում։ Մարսելի «Համազգային» դպրոցի դիրքորոշումը հակառակն է ՝միայն արեւմտահայերեն (գումարած ֆրանսերեն, իհարկե)։ Բացառություններ չեն արվում նաեւ արեւելահայ ընտանիքների երեխաների համար։

Ընդհանուր հայտարարի գալու հարցում ժամանակին օգնել է Տեր – Մերկերյանը։ Երբ Ֆրանսիայի դպրոցներում որոշ փոքրամասնությունների թույլատրեցին որպես առաջին օտար լեզու իրենց մայրենին հանձնել, հայերին էլ նման հնարավորություն տրվեց։ Լինելով Պրովանսում հայոց լեզվի ընդունող հանձնաժողովի անդամ՝ պրոֆեսորը քննական աշխատանքները ընդունում էր թե արեւելահայերենով, թե արեւմտահայերենով։

Դա մոտեցումներից մեկն էր, սակայն իր ամբողջ բարդությամբ Ֆրանսիայում լեզվի հարցը, ցավոք, դեռ լուծված չէ։

2016-ին նա Հայաստանում հրապարակել է հոդված՝ Մարսելի հայերի ամենօրյա խոսքում հայերենի երկու ճյուղերի փոխազդեցության մասին ։ Այդ տարբերությունը զգացվում է անգամ ամենասովորական արտահայտություններում․ օրինակ արեւելահայերենում հարցնում են «Ո՞նց ես», իսկ արեւմտահայերենում՝ «Ինչպե՞ս ես»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ