News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Աշխարհի լավագույն մրցավարների հնգյակում իր կայուն տեղն ունեցող Մասիմո Բուզական ֆուտբոլասերներին հայտնի է բազմաթիվ կարեւոր խաղերի ժամանակ աշխատանքով։ Նա մրցավար է եղել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում՝ «Բարսելոնա»-ի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջեւ, UEFA-ի գավաթի եզրափակիչում՝ «Սեւիլիա»-ի եւ «Էսպանյոլ»-ի միջեւ։

Այժմ Բուզական գլխավորում է FIFA-ի մրցավարական դեպարտամենտը։ Աշխատում է գերծանրաբեռնված՝ պետք է բարելավվել մրցավարության որակը ֆուտբոլում։ Գործի բերումով նա շատ է շրջագայում աշխարհով մեկ, ընդ որում՝ շատ է սիրում շրջագայել կնոջ հետ։ Հերթական ուղղությունը Հայաստանն է։ Մեր երկրում հայտնի մրցավարը մեկ շաբաթ է անցկացրել: Այդ ընթացքում հասցրել է նաեւ վարպետության դաս անցկացնել հայ մրցավարների հետ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բուզական պատմել է Հայաստան ժամանելու, այժմյան աշխատանքի եւ այլնի մասին:

Հիմա գլխավորում եք FIFA-ի մրցավարական դեպարտամենտը։ Ի՞նչ պարտականություններ ունեք այդ կառույցում։

Ես երկար տարիներ աշխատել եմ որպես մրցավար։ Այժմ FIFA-ի մրցավարական դեպարտամենտի ղեկավարն եմ։ Այսօր վարպետության դաս եմ ունեցել հայ մրցավարների հետ։ Դա նախապես ծրագրված չէր, հապճեպ ստացվեց։ Հայաստան էի եկել պարզապես հանգստանալու։ Մրցավարների հետ մոտ երեք ժամ անցկացրեցի, բայց կարող էի ավելի շատ էլ խոսել։ Ես շատ եմ սիրում խոսել։ Ինձ հատկապես դուր է գալիս խոսել ժամանակակից մրցավարության մասին։ Այնքան բան կա անելու եւ փոխելու։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

Օրինակ՝ կրկրնապատկերների ներմուծման համակա՞րգը։

Դա միայն մի մասն է։ Չենք կարող ամբողջությամբ փոխել այն, ինչ մարդիկ տարիներով արել են։ Մրցավարները շատ կարեւոր որոշումներ են կայացնում հաշված վայրկյաններում։ Տեսակրկրնապատկերները չեն կարող մրցավարների փոխարեն որոշում կայացնել։ Բայց այստեղ նաեւ ռիսկի գործոն կա։ Եթե մրցավարը գիտի, որ կրկնապատկերն արձանագրելու է խախտումը, նա պատասխանատվություն չի զգա: Իսկ ես չեմ ուզում, որ այդպես լինի։ Մենք մրցավարներին միշտ ասում ենք՝ ինքներդ կայացրեք որոշումներ, իսկ տեխնիկան թող երբեմն օգնի ձեզ։ Խաղի ընթացքում կարելի է 5-6 անգամ դիմել կրկնապատկերների օգնությանը։ Բայց բարձրակարգ մրցավարն ինքն է որոշում կայացնում։

Տարբեր մրցաշարերում արդեն փորձարկվում է կրկրնապատկերներով աշխատելու տարբերակը։ Ինչպե՞ս կգնահատեք արդյունավետությունը։

Հարավային Կորեայում անցկացվում էր աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Այնտեղ կրկնապատկերների միջամտությամբ կայացվել է 12 որոշում, Կոնֆեդերացիաների գավաթում՝ 5-6: Հիմնականում ճիշտ որոշումներ էին, բայց կային նաեւ սխալներ։ Կոնֆեդերացիաների գավաթում անցկացվեց 17 հանդիպում։ Անհնար է չսխալվել։ Այս պահին արդեն Գերմանիան է իր առաջնությունում օգտվում կրկրնապատկերներից, Իտալիան՝ նույնպես։ Ամեն ինչ փոխվում է: Առաջ Դուք գրիչով էիք գրում, իսկ հիմա ձայնագրիչով եք հարցազրույց վերցնում։

Իսկ չե՞ք կարծում, որ ավտոմատացման արդյունքում ֆուտբոլում էմոցիաները կպակասեն։ Մրցավարը մինչեւ մտածի հաշվել գնդակը, թե՞ չէ, էյֆորիան կանցնի։

Համաձայն եմ։ Իմ մեջ էլ մի ձայն նույն բանն է ասում։ Բայց դե սխալները մեր կյանքի մաս են կազմում։ Անգամ ամենատաղանդավոր ֆուտբոլիստները սխալներ են գործում. կարեւոր խաղերում չեն իրացնում 11 մետրանոցներ, բաց են թողնում պահերը, ինչի արդյունքում թիմերը մեծ գումարներ են կորցնում։ Բայց այդ սխալները ներելի են, իսկ մրցավարների սխալները՝ ոչ։ Մենք մրցավարներին չենք նայում որպես հասարակ մարդկանց, մենք կարծում ենք, թե նրանք աստվածներ են, որոնք պետք է անթերի լինեն։ Եթե ֆուտբոլիստն ամբողջ խաղի ընթացքում գոլ չխփի եւ խաղավերջում շտկի սխալը, նրան կներեն մինչ այդ բաց թողած պահերը, իսկ եթե մրցավարն ամբողջ խաղն անթերի վարի եւ 89-րդ րոպեին սխալվի, չեն ներում։ Եվ նրա կարիերան կարող է կործանվել։ Մրցավարները կամ FIFA-ն չեն, որ ցանկանում են կրկնապատկերների ներմուծումը, դա աշխարհն է ուզում, մեդիան է ուզում։

Եթե դուք ընդունեք, մրցավարներն էլ կընդունեն։ Այսօր թիմերն ավելի քան 100-200 միլիոն եվրո են վճարում ֆուտբոլիստների համար, մեկ սխալի համար էլ կարող են կորցնել 70-80 միլիոն։ Ամբողջ աշխարհը տեսավ, որ ֆուտբոլիստը խաղից դուրս վիճակում է, իսկ մրցավարը՝ ոչ։ 2017 թվականին դեռեւս չկան այնպիսի տեխնոլոգիաներ, որպեսզի դա հնարավոր լինի տեսնել։ Ահա եւ պատասխանը։ Ինձ համար, իհարկե, էմոցիաները շատ կարեւոր են, բայց այսօրվա ֆուտբոլն էմոցիաները չեն, դա բիզնես է ու փող։ Գուցե 20 տարի առաջ ֆուտբոլն ուրիշ էր, բայց այսօր այն դարձել է բիզնես։

Գուցե գա ժամանակ, եւ մրցավարների կարիք այլեւս չլինի՞, ամեն ինչ ավտոմատացվի։

Երբեք այդպիսի բան չի լինի։ Կարող եմ անգամ ստորագրել։ Տեխնոլոգիաները չեմ փոխարինի մարդկանց, քանի որ մարդիկ իրենք են ստեղծում այդ տեղխնոլոգիաները։ Այսօր մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մրցավարները լինեն ավելի պատրաստված, իսկ նրանց աշխատանքը՝ ավելի որակով:

Իհարկե՝ լավ մրցավար լինելու համար պետք է տաղանդ ունենալ։ Աստված յուրաքանչյուրին տաղանդ է տվել։ Ինչ Ձեզ է տվել, ինձ չի տվել, եւ հակառակը։ Պետք չէ շատ երկար մտածել, ամեն ինչ բնական է ստացվում։ Ես կարող եմ միաժամանակ շատ բան անել, բայց եթե ցանկանում եմ որակով անել, պետք է անեմ այն, ինչում տաղանդ ունեմ։

Իսկ որտե՞ղ պետք է սովորեն մրցավարները։

Նրանք պետք է ունենան ֆուտբոլային կրթություն։ Բայց կրկին ասեմ. հիմնականում գլխավոր հարցը տաղանդի մեջ է։

Իսկ ի՞նչ տաղանդի մասին է խոսքը։

Նա պետք է ունենա ուժ, իշխանություն, պատասխանատվություն, լինի շփվող, խելացի, համարձակ եւ, այդ ամենի հետ միասին, կարողանա մեկ վայրկյանում որոշումներ կայացնել։ Անգամ բժիշկները ճակատագրական որոշումներ կայացնելու համար ավելի շատ ժամանակ ունեն, քան մրցավարները։ Մրցավարը պետք է թիմի ու խաղացողների մասին ամեն ինչ իմանա:

Իսկ ի՞նչ է լինում այն մրցավարների հետ, ովքեր կարեւոր խաղերում շատ կոպիտ սխաներ են թույլ տալիս։

Երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի նրանց կրկին սկսեն կարեւոր խաղեր վստահել։ Այդ պատճառով կրկնապատկերները կօգնեն մեր կարիերային։

Իսկ ինչո՞ւմ է կայանում Ձեր հիմնական աշխատանքը՝ որպես FIFA-ի մրցավարական դեպարտամենտի ղեկավար։

Մենք աշխատանքը բաժանում ենք երկու մասի. անցկացնել տարբեր դասընթացներ մրցավարների համար եւ կազմակերպել առաջնություններ՝ երիտասարդական հավաքականների, Կոնֆեդերացիաների գավաթի, Աշխարհի առաջնության, ինչպես նաեւ կանանց մրցաշարեր։ Այս ամենի համար մարդկային ռեսուրս է պահանջվում։ FIFA-ի յուրաքանչյուր մրցաշարին 80-200 մեր աշխատակիցներ են մասնակցում։

Իսկ հայ մասնագետները բարձրակարգ մրցավարներ դառնալու ինչպիսի՞ հնարավորություններ ունեն։

Ես այդ մասին խոսում էի հայ մրցավարների հետ։ Դա փիլիսոփայություն է եւ կապ չունի երկրի հետ։ Եթե ձեր առջեւ նպատակ դնեք դառնալ բարձրակարգ մասնագետ, կդառնաք։ Հաջորդ առավոտյան որպես բարձրակարգ մրցավար չեք արթնանա, բայց աստիճանաբար կհասնեք դրան։ Դուք ֆուտբոլիստ ունեք, որը խաղում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում։ Ինչո՞ւ մրցավարները չեն կարող։

Պետք է շատ աշխատել։ Այսօր հոգնած ես, տրամադրություն չունես, անձրեւ է գալիս... դրանք միայն պատճառաբանություններ են։ Ես ինքս փոքր երկրից եմ։ Բայց երբեք դրան ուշադրություն չեմ դարձրել, երբ շարժվել եմ դեպի իմ նպատակը: Վստահ եմ, որ ձեր մրցավարները լավ կրթված ու խելացի են։

Վերջին տարիներին կարեւորագույն մրցաշարերում մենք ունեցել ենք մրցավարներ Իրանից, Ուկրաինայից, Կանադայից։ Շատ տաղանադավոր մի մրցավար ունեինք Սաուդյան Արաբիայից։ Եթե ուժեղ ես, կհասնես նպատակիդ: Բացի այդ՝ պետք է ազնիվ լինել։ Առաջին հերթին ինքդ քո առջեւ։ Երբ ես գնում եմ քնելու, պետք է մաքուր խղճով քնեմ։ Ցավոք՝ բոլորս էլ սխալվում ենք։

Ի՞նչ էիք սովորեցնում Ձեր հայ գործընկերներին։

Խոսում էի ժամանանակից մրցավարության, զոհողությունների պատրաստ լինելու, այն մասին, որ պետք է լինել շատ շփվող, իշխանություն ունենալ, կարողանալ ճիշտ վաճառել քո ապրանքը։ Ինչպե՞ս անել դա։ Ձեր ներկայությամբ, գիտելիքով։ Ամեն առավոտ արթնանալ եւ աշխատել այդ ուղղությամբ։ Եթե չզոհես ինչ-որ բան, տաղանդավոր լինելով հանդերձ, կարող ես արդյունքի չհասնել։ Ինքդ ես որոշում, թե ով ես լինելու՝ տնօրեն, մենեջեր, թե՞ վաճառող։

Ձեր վարած ամենադժվար խաղը։

Աստծուն շնորհակալ եմ, որ բոլոր այն խաղերում, որտեղ մրցավար եմ եղել, մեծ սխալներ չեմ արել։ Ես չեմ հիշում սխալների մասին։ Ես միայն լավն եմ հիշում։  Բայց ամենադժվար խաղը, իհարկե, Հռոմում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր «Բարսելոնա»-ի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջեւ։ Դա կարիերայիս լավագույն խաղն էր։

Ո՞րն էր վերջին խաղը, որը սպասարկել եք։

Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Գերմանիա-Ավստրիա խաղն էր 2011 թվականին։ Հետո անցա թոշակի ու FIFA-ի մրցավարական դեպարտամենտը գլխավորելու հրավեր ստացա։

Մեկ շաբաթից ավելի է՝ Հայաստանում եք։ Ի՞նչը Ձեզ բերեց այստեղ։

Կնոջս հետ շատ ենք ճանապարհորդում։ Շատ ենք սիրում լինել հետաքրքիր երկրներում։ Մենք հավատացյալ մարդիկ ենք, եւ Հայաստանի ընտրությունը կապված է հենց դրա հետ։ Հայաստանն առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել, Հռոմից էլ առաջ։ Մեզ շատ դուր եկավ Տաթեւի վանքը։ Գիշերեցինք Ջերմուկում։ Այնտեղ նույնպես շատ գեղեցիկ էր։

Ամենաշատն ի՞նչ դուր եկավ մեր երկրում։

Առաջին հերթին՝ ուտելիքը։ Շատ սիրեցինք լավաշը։ Շատ ռեստորաններում եղանք, ուտելիքն այստեղ իսկապես շատ համեղ է։ Անգամ Ռուսաստանում եւ Իտալիայում այսքան համեղ ուտելիք չկա։ Բացի այդ՝ մեզ շատ դուր եկան մարդիկ, շատ կամեցող են, պատրաստ են օգնել։ Հաճախ քաղաքից դուրս էինք գնում, այնտեղ մարդիկ շատ լավն են։ Հայաստանի տեսարանները, սարերը, եկեղեցիները, ամրոցները շատ դուր եկան։

Եվ վերջում՝ իմ սիրած հարցը։ Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։

Ես այդ հարցին չեմ պատասխանի։ Միայն կասեմ, որ լավագույն ֆուտբոլիստների հետ ավելի հեշտ է աշխատել։ Նրանք խնդիրներ չեն ստեղծում։ Ես խնդիրներ եմ ունեցել կարգով ավելի ցածր ֆուտբոլիստների հետ, բայց բարձրակարգների հետ՝ ոչ։

 

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ