Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պնդում է, թե տեղյակ չի եղել, որ հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը պետք է հայտնվեր գովազդային վահանակների վրա Հայ մեծերի շարքում՝ ամենայն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կողքին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հայտարարել է լրագրողների հետ զրույցում։ Նա վստահեցրել է, թե գովազդային վահանակները պատկանում են մասնավոր ընկերություններին, որոնք որոշում են ընդունել առանց իր հետ քննարկելու։ Չնայած սրան՝ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ հաճելի անակնկալ է եղել։
«Գովազդային վահանակները մասնավոր անձի են, սոցիալական գովազդի համար հարկ տուրք չի վճարվում եւ մասնավորի կողմից փորձել են հայ մեծերի նկարները փակցնեն»,-ասել է Տարոն Մարգարյանը։
Հարցին՝ եթե տեղեկացնեին, դեմ կլինե՞ր՝ հաշվի առնելով, որ խոցելի հարց է, նա պատասխանել է․ «Ես այդքան էլ չեմ վախենում, բաց եթե անձնավորում եք, իմ հոր նկարը փակցնելու համար, պետք է համաձայնեցնեին, չեն համաձայնեցրել։ Երբ որ խոսքը սոցիալական գովազդի մասին է, հայ մեծերի, այդ լիազորությունը տրված է։ Բնականաբար անսպասելի էր եւ հաճելի»,-նշել է նա։