News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաեւ Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահը ելույթը սկսել է ղարաբաղյան հակամարտությանն ու Ադրբեջանին անդրադարձով: Նա արձանագրել է. հայատյացությունը շարունակում է Ադրբեջանի պետական քաղաքականության բաղկացուցիչ մաս կազմել: Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին՝ հայտարարելով, որ 1992-94 թվականների ծանր պատերազմն ու դրա հետեւանքները դաս չեղան Բաքվի համար: Արդյունքում Ադրբեջանը եւս մեկ լայնածավալ ռազմական գործողություն սկսեց: Արցախը, Հայաստանի նախագահի պնդմամբ, չի կարող ավելի ցածր կարգավիճակ եւ ավելի քիչ ազատություն ունենալ, քան այսօր ունի:

Խոսելով Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների մասին՝ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ցյուրիխի արձանագրություններին: Հիշեցրել է. հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ են 2009 թվականին կնքվել հայ-թուրքական արձանագրությունները, որոնք, սակայն, թղթի վրա են մնացել: Հայաստանի նախագահի խոսքը Թուրքիային ուղղված վերջնագրի նման է հնչել:

«Սասնա ծռերի» 14 անդամների գործով 11 պաշտպաններ գործադուլ են հայտարարել եւ չեն մասնակցել այսօրվա դատական նիստին: Պատճառը չի փոխվել. բողոքում են փաստաբանների զննության դեմ՝ այն խուզարկություն որակելով: Նախ պաշտպաններ Արայիկ Պապիկյանն ու Մուշեղ Շուշանյանը հրաժարվել են խուզարկությունից եւ չեն կարողացել մասնակցել նիստին: Գործով մյուս պաշտպաններն էլ միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով վերանայել դատական կարգադրիչների գործելաոճը եւ թույլ տալ, որ բոլորն առանց խոչընդոտների ներկայանան նիստին: Արտուշ Գաբրիելյանը սրան արձագանքել է բացակա փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելով: Իրավիճակը չի փոխվել նաեւ հայտարարված ընդմիջումից հետո: Արդյունքում նիստը հետաձգվել է:

Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին թուրք սահմանախախտի են ձերբակալել:  Սահմանն ապօրինի հատած անձին ձերբակալել են Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան բնակավայրի շրջանում: Նա 1972 թվականին ծնված Թուրքիայի քաղաքացի է: Ձերբակալվածը պատմել է, որ Իգդիրի Գյոդաքլը բնակավայրի հովիվն է, իսկ սահմանը հատել է՝ հոտից հետ մնացած անասուններին փնտրելու համար: Իրավապահները ստուգում են այս վարկածը:

Երեւանում են դերասանուհի Օրնելլա Մուտին, կոմպոզիտոր Միշել Լեգրանը, հոլիվուդյան դերասան Մարկո Խանն ու այլ հայտնիներ: Նրանք երեկ մասնակցել են Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգին: Եվ եթե Օրնելլա Մուտիի եւ Միշել Լեգրանի մասին շատերը գիտեն, նրանք էլ առաջին անգամ չէ, որ Հայաստան են այցելում, ապա քչերը գիտեն Հոլիվուդյան դերասան Մարկո Խանի հայկական արմատների մասին: Հայազգի դերասանն առաջին անգամ է հայրենիքում, բայց խոստանում է՝ գալու է Հայաստանում ապրելու: Հավելենք, որ Մարկո Խանը նկարահանվել է  «Կարիբյան ծովի ծովահենները», «Երկաթե մարդը», «X-Ray ճամբար», «10 000 տարի մ.թ.ա.» եւ այլ ֆիլմերում:

Դոլարն էժանացել է, եվրոն եւ ֆունտը՝ թանկացել: Արդյունքում սեպտեմբերի 20-ին դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, ֆունտինը՝ 647, եվրոյինը՝ 574 դրամ, ռուբլունը՝ 8 դրամ 26 լումա:

Սեպտեմբերի 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ը 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ