News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մյանմարում բնակվող 60-ամյա Տու Զար Մինթը ինժեներ–քիմիկոս  է եւ սննդի տեխնոլոգ։ Նա Հայաստան է եկել մասնակցելու Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, որն ընթացավ սեպտեմբերի 18-20-ը։

Այս համաժողովն, ըստ Տու Զարի, նպաստում է հայկական մշակույթի պահպանմանը:  «Մենք պարտավոր ենք փոխանցել մեր ժառանգությունը նոր սերունդներին: Հետեւաբար, այս համաժողովը շատ արդյունավետ է այն մարդկանց համար, ովքեր բնակվում են արտերկրում», - ասել է Տու Զար Մինթը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է Մյանմարի հայկական համայնքի կյանքի մասին։

«Մայրաքաղաք Յանգոնում համայնքն ունի մոտ 100 մարդ։ Միայն երկու տարի առաջ մենք կարողացանք մեր նոր ղեկավարի շնորհիվ իրապես անկախ դառնալ: Եվ մենք հնարավորություն ունեցանք շփումներ ունենալ օտարերկրացիների, այլ երկրների բնակիչների հետ: Երեք տարի առաջ՝ 2014 թ. հոկտեմբերին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը եկավ Մյանմար, այցելեց հայկական եկեղեցի, որից հետո մեր համայնքն ավելի միասնական դարձավ »,-ընդգծել է Մինթը։

Շարունակելով նա նշել է, որ Մյանմարում աճում է նոր հայկական սերունդ։  «Մենք պետք է կոչ անենք նրանց այցելել հայկական եկեղեցի, ուսումնասիրել մեր հայկական ժառանգությունը, մշակույթը: Մենք պետք է այս տեղեկությունը փոխանցենք հաջորդ սերունդներին », - ասում է հայուհին:

Նրա պապի անունը Մալխաս Մինաս է եղել։ Նա Մյանմար է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ,  աշխատել է հայտնի «Սարգիս եղբայրների» մոտ (Մարտին Սարգիս, Տիգրան Սարգիս, Ավետ Սարգիս, Արշակ Սարգիս), ովքեր հարավարեւելյան Ասիայում հիմնադրել են  «Strand Hotel» շատ շքեղ հինգաստղանի հյուրանոցների ցանցը:

«Հայրս հիմնել է պլանտացիա եւ սուրճի արտադրություն: 1980 թվականից դրվեց մեր փոքր ընտանեկան բիզնեսի սկիզբը։ Եվ ես սկսեցի աշխատել իմ հոր բիզնեսի զարգացման ուղղությամբ: Մեր երկրի կլիման արեւադարձային է, որը շատ օգտակար է սուրճի պլանտացիայի համար: Մենք տեղացիների եւ բարձրակարգ հյուրանոցների համար ենք սուրճ ստեղծում»,-պատմել է Տու Զարը։

Նրա պապը մահացել էր, երբ հայրը դեռ փոքր էր։

«Դրա համար մենք չենք կարողացել հայկական համայնքի հետ կապ պահպանել։ Հայրս ինժեներ–էլեկտրիկ էր, ամենափոքրն էր 5 երեխաների մեջ։ Նա աշխատում էր Մյանմայի բանակի անձնակազմում, այդ իսկ պատճառով նա վախենում էր կապ հաստատել օտարերկրացիների հետ. նրան կկալանավորեին եւ մենք խնդիրներ կունենայինք»,-հիշում է Մինթը։

60 տարվա մեջ առաջին անգամ այցելելով պատմական հայրենիք եւ պատասխանելով տպավորությունների մասին հարցին՝ նա նշեց, որ արտասվելու աստիճան հուզված է։ Կինը սկզբում ժպտաց, հետո երեխայի պես արտասվեց. «Ես հայ եմ, այդ պատճառով շատ եմ սիրում Հայաստանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ