News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պարզաբանել է, թե ինչու է շրջանառության մեջ դրվել ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգը:

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ընդգծել է, որ օտար լեզուների հայեցակարգերի նպատակն է, որ դպրոցականները լավ տիրապետեն օտար լեզվի:

«Մեր երեխաները հրաշալի գիտեն հայալեզու գրականությունը, բայց ընդունվում են Ֆիզիկայի ֆակուլտետ ու պարզվում է՝ օտար լեզու չգիտեն: Եթե ուզում ենք սեփական դրոններն ունենալ, զարգացնել գիտությունը, պետք է բարձրացնենք օտար լեզվի իմացության մակարդակը Հայաստանում: Մենք հայագիտության բլոկին ձեռք չենք տալիս, պարզապես խորացնում ենք օտար լեզուների ուսուցումը»- ասաց Լեւոն Մկրտչյանը:

Նախարարը հայտնեց, որ ներկայումս երկու հայեցակարգ կա մշակված՝ ֆրանսերեն, անգլերեն եւ գերմաներեն լատինատառ հենքի վրա եւ ռուսերեն. «Ինքս օտարալեզու դպրոցների գաղափարին դեմ եմ, մենք պարզապես ցանկանում ենք օտար լեզվի խորացված ուսուցում»:

Լեւոն Մկրտչյանը հորդորեց այս թեման չքաղաքականացնել:

Նշենք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ»-ը: Այս հայեցակարգը մեծ աղմուկ է բարձրացրել: Սեպտեմբերի 21-ին վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգն իր հանձնարարականով չի եղել:

Լրագրողների դիտարկմանը, թե հայեցակարգում նշված է, որ վարչապետի հանձնարարականով է ստեղծվել, մինչդեռ նա հերքում է այդ լուրերը, Լեւոն Մկրտչյանը պատասխանեց, որ եղել է ընդհանուր օտար լեզուների վիճակի բարելավման հանձնարարական. «Ինչպե՞ս կատարել այդ հանձնարարականը, եթե ոչ հայեցակարգեր մշակելով: Վարչապետի կողմից եղել է հանձնարարական՝ օտար լեզուների ուղղությամբ դրական որակական փոփոխություն առաջացնելու ուղղությամբ, դեռեւս դեկտեմբերին ստեղծվել է երկու հանձնախումբ՝ հանձնարարությունը կատարելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ