News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արդեն 21 տարի անազատության մեջ գտնվող, ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը հերթական բաց նամակն է գրել Հանրապետության նախագահին եւ վարչապետին:

«Մենք կյանքի ու մահվան սահմանագծում ենք, սպասում ենք՝ երբ է ավարտվելու մեր հավերժական պատիժը։ 20 և ավելի տարիներ անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին օրենքը հնարավորություն է տալիս պայմանական վաղաժամկետ ազատվել պայմանով, եթե նրանք ուղղվել են:

Հավատացեք, շփվելով նրանց հետ, Դուք էլ կհամոզվեք, որ շատերը փոխվել են, ուղղվել են, զղջացել են իրենց կատարած հանցանքի համար, ապաշխարհում են Աստծուն: Չփոխվել հնարավոր չէր: Բայց չգիտես ինչու, վաղաժամկետ պայմանական ազատման հարցերը «քննող հանձնաժողովը» որպես կանոն բացասական եզրակացություններ է տալիս ցմահ դատապարտյալներին:

Էլ ուր մնաց ՔԿՀ փորձառու մասնագետների տարիների աշխատանքը, ջանքը, մեր ուղղման համար ծախսված պետության գումարները։ Էլ ինչո՞ւ եք պետբյուջեի սուղ միջոցներով քրեակատարողական հիմնարկներում փորձառու մասնագետների վարձատրում, եթե հետո ջուրն եք լցնելու նրանց աշխատանքը։ Հիմնարկի աշխատողները երկար աշխատում են, ջանք են թափում, հասնում են արդյունքի, դատապարտյալին ներկայացնում են վաղաժամկետ ազատման, իսկ հանձնաժողովի անդամները 5 րոպեում «ոչ» են ասում՝ առանց խորանալու, առանց ծանոթանալու մեզ հետ, ճանաչելու ու վերլուծելու, բայց մենք լիովին ուղղվել ենք ու պատրաստ ենք վերադառնալ հասարակություն ու մեր ընտանիքներ։ Ուրեմն խնայեք պետության փողերը, մի կտրեք մեր թևերը, մի կոտրեք հույսն ու հավատն այն մարդկանց, որոնք ուզում են իրենց կյանքի մնացած տարիները ընտանիքի հետ ապրել: Մենք բոլորս հիվանդ ենք։ Հավատացեք, շատ չենք ապրելու ազատության մեջ։

Դիմում ենք Ձեզ ու խնդրում ենք՝ կատարեք օրենսդրական փոփոխություններ, այնպիսի նորամուծություն, որպեսզի մեզ համար էլ մի օր կանաչ լույս վառվի։ Այնպես արեք, որ իսկապես աշխարհը զարմանա մեր երկրի ժողովրդավարությամբ, դուք հավատաք, որ մենք փոխվել ենք, և մենք ու բոլորը հավատան, որ դուք բարի և գթասիրտ եք»,- ասված է ցմահ դատապարտյալի բաց նամակում:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանն անազատության մեջ է գտնվում 1996 թ.-ից: 1997 թ.-ին նա Գերագույն դատարանի որոշմամբ դատապարտվել է մահապատժի՝ 1961 թ.-ի Քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 7-րդ կետերով: Նա մեղադրվել է սպանության գործով` որպես մասնակից: Գրիգորյանը կալանավայրից բազմիցս բարձրաձայնել է իր խնդրի մասին:

Տպել
Ամենաշատ