Ադրբեջանի հատուկ ծառայությունները ստուգում են Իրաքում հակաահաբեկչական գործողության ընթացքում երկրի 300 քաղաքացիների զոհվելու մասին տեղեկությունները, կիրակի հայտնել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր աշխատակիցներն այժմ Իրաքում են եւ պարզում են այս տեղեկության հավաստիությունը»,- լրագրողներին ասել է Գուլիեւը: Նրա խոսքով՝ քարոզչությանը հավատ ընծայած որոշ ադրբեջանցիներ միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ իրենց հետ մարտական գործողությունների վայր են տարել իրենց ընտանիքներին, այդ թվում՝ մանկահասակ երեխաներին:
«Զոհվելու փաստեր կան նաեւ այս երեխաների շրջանում»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ մոտ 900 ադրբեջանցիներ միացել են ԻՊ-ին: «Նրանցից 85-ը իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել եւ գտնվում է ուղղիչ ծառայության մեջ: 195 մարդ զրկված է Ադրբեջանի քաղաքացիությունից, իսկ նրանց մեծ մասը զոհվել է մարտերի ընթացքում»,- հայտնել է Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը: