ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության նախագահը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական համագործակցությանը: Գոհունակությամբ փաստելով, որ երկու բարեկամ պետությունների միջեւ հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են բոլոր ոլորտներում՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկկողմ օրակարգի առաջնայնություններից է հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ այն ակտիվ երկխոսությամբ առանձնացող քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին համահունչ դարձնելու նպատակով:
Նախագահ Սարգսյանը եւ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Դասոն հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության եւ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորել են Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցությունը:
Ընդգծելով Օլիվիե Դասոյի եւ նրա ընտանիքի դերակատարությունը Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում՝ Նախագահը հույս է հայտնել, որ նրա այցը Հայաստան իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական բարեկամական կապերի առավել սերտացմանն ու զարգացմանը: