News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հոգեկան եւ ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով  ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խոցելի խմբերի՝ մասնավորապես հաշմանդամություն եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաեւ  ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կիրառման ապահովումը Հայաստանում:

Այնուհետեւ նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինտեգրված սոցիալական  համակարգի  ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները եւ ընդգծել այդ համակարգում սոցիալական աշխատողի դերակատարության կարեւորությունը:

Արտեմ Ասատրյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է  հաշմանդամության ոլորտում իրականացվող հաշմանդամության սահմանման նոր մոդելին՝ ՖՄԴ-ին, որով  առողջապահական մոդելից անցում է կատարվում սոցիալական ներառմանը:

Նախարարը կարեւորել է նաեւ խոցելի խմբերի համայնքահեն ծառայությունների զարգացումը  եւ նշել, որ Սպիտակ քաղաքում արդեն գործում են  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  խնամքի փոքրիկ տներ, որտեղ այդ անձինք սոցիալապես ընտելանալու հնարավորություն են ստանում եւ «ընտանեկան» մթնոլորտում պատրաստվում են ինքնուրույն կյանք վարելուն:

Դաինիուս Պուրասին շնորհակալություն է հայտնել ոլորտի բարեփոխումները մանրամասն ներկայացնելու համար՝ հատկապես կարեւորելով  սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը  եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  խնամքի մեծ հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը՝ միաժա մանակ ողջունելով Սպիտակի  խնամքի տունը որպես լավագույն արդյունք:

Հանդիպման ավարտին պարոն Պուրասին հայտնել է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կատարած այցերի արդյունքում իր դիտարկումները եւ առաջարկությունները կզետեղվեն  զեկույցում,  ինչը, ըստ նրա, օգտակար կլինի ոլորտում հետագա աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար:

Տպել
Ամենաշատ