News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Շիրակի պետական համալսարանն ամենաբարձր վարձատրվող բուհն է, ուսման վարձավճարներն էլ չեն փոխվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը՝ անդրադառնալով համալսարանի երկու դասախոսների բաց նամակին, որում նրան մեղադրում են չարաշահումների եւ խախտումների մեջ:

«Մենք շատ թափանցիկ ենք աշխատում, կարող եք նույնիսկ ցանկացած խնդրի հետ կապված մեր համապատասխան ստորաբաժանման հետ քննարկել, նայել, դիտել եւ ուսումնասիրել: Այսօր տեսա, որ վարձավճարների մասին են խոսում, ես մեկ անգամ արդեն պաշտոնապես հայտարարել եմ՝ վարձավճարները չեն փոխվել: Դեռեւս անցած տարի նախարարությունից հրահանգ եղավ, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին զեղչ պետք է արվի, մենք դա ապահովել ենք»,- հայտարարեց ռեկտորը:

Նշենք, որ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանն իրենց բաց նամակում հայտնել էին, որ ռեկտորն իր յուրայիններին, այդ թվում գործավարուհուն 250-300 հազար դրամանոց աշխատավարձեր է հատկացրել, իսկ ուսանողների վարձավճարներն էլ էականորեն ավելացել են:

«Մենք դասախոս ունենք, որն ավելի շատ է վճարվում: Դասախոսական մասի աշխատավարձը չի ամրագրվում հաստիքացուցակով, այն որոշվում է հատկացված ժամաքանակով: Այս կարգը ես նախորդից եմ ժառանգել: Ինչ վերաբերվում է բուհի ադմինիստրատիվ հատվածի աշխատավարձերին, ներկայացված տվյալները չափազանցված են»,- ասաց Սահակ Մինասյանը՝ նշելով, որ ինքն անձամբ շուրջ 5 հարյուր հազար դրամ աշխատավարձ է ստանում:

Իրենց բաց նամակում երկու  դասախոսները նշել էին նաեւ, որ ռեկտորատի հայտարարության համաձայն՝ նախկին ռեկտորից մնացած 500 միլիոն դրամն այլևս չկա, բյուջեն ճեղքվածք է տվել:

«Նախ 500 թիվը ուռճացված է, հստակ, բաց, թափանցիկ կարող եմ թույլ տալ՝ հաշվապահությունում նույն ուսումնասիրությունը կատարեք: Նախ, 194 միլիոն դրամ իմ գալուց հետո աշխատավարձի ավելցուկի վրա եմ ծախսել եւ հայտարարել եմ, որ ձեր հաշվին խնայված փողը տալիս եմ ձեզ: Չմեկնաբանեմ՝ ինչ է ավելացել, պակասել համալսարանում, ծասխվել է մոտ 100 մլն դրամի գումար»,- ասաց ռեկտորը:

Հիշեցնենք, որ երկու դասախոսի բաց նամակից հետո ռեկտորը գիտխորհրդի նիստ էր հրավիրել եւ աշխատանքից ազատել Հովհաննես Խորիկյանին: Համալսարանի պատմության  և  փիլիսոփայության բաժնի ուսանողներն անժամկետ դասադուլ են հայտարարել:

Տպել
Ամենաշատ