Ես չգիտեմ՝ ՀՀԿ-ի դպրոցում ինչ են անցնում, բայց մի բան հստակ է և ակնհայտ, որ մեր դպրոց չեն գա մարդիկ, ովքեր հույս ունեն, որ վաղը կամ մյուս օրը պետք է պետական կառավարման ոլորտում աշխատանքի տեղավորվեն։ Այս մասին, այօր՝ սեպտեմբերի 27-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լիբերալ քաղաքական դպրոցի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է լինելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի եւ իրենց դպրոցի տարբերությունը:

Նրա խոսքով, իրենց դպրոց կգան այն մարդիկ, ովքեր ուզում են բանավեճ, ովքեր ուզում են ազատական գաղափարների հետ առնչվել, իրենց նման մտածողների հետ ծանոթանալ և շարժվել առաջ, զարգացնել Հայաստանը:

«Այն պարագայում, երբ քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները ռեգրես են ապրում մի շարք երկրներում, որոնք երկար ժամանակ օրինակ են ծառայել ամբողջ աշխարհում, մեր պես նոր կայացող ժողովրդավարություններում հետընթացը անթույլատրելի է»,- լիբերալ քաղաքական դպրոցի բացման արարողությանը նշեց Էդմոն Մարուքյանն՝ ընդգծելով, որ այս դպրոցը իր սյունի վրա պահելու է ազատական գաղափարները՝ թույլ չտալով որեւէ հետընթաց։ 

Մարուքյանն չբացառեց այլ կուսակցությունների ներկայացուցիչների դասախոսությամբ հանդես գալու հնարավորությունը, եթե դրանք իրականացվելու են  լիբերալ-ազատական գաղափարների հիմքով։

Վերջում Մարուքյանն խոսելով դասախոսական կազմի մասին, նշեց, որ  սպասվող կիրակի լիբերալ քաղաքական դպրոցում դասախոսությամբ հանդես կգա հետխորհրդային տարածքում  հայտնի իրավապաշտպան Անդրեյ Յուրովը։

Դպրոցի բացմանն ունեցած իր ելույթում Մարքույանը համոզմունք հայտնեց, որ լիբերալ քաղաքական դպրոցը հնարավորություն է տալու գաղափարների փոխանակման միջոցով  գիտակցել եւ արձանագրել այդ արժեքների կարեւորությունը։  «Անկասկած, միայն այս  արժեքների միջոցով կարելի կլինի հզոր տնտեսություն, հզոր Հայաստան կառուցել, որտեղ կենտրոնական արժեքը մարդն է»-նշեց նա ու հավելեց. «Ազատական արժեքները անընդհատ պետք է շեշտադրվեն: Լիբերալ քաղաքական դպրոցը հենց այն պլատֆորմն է լինելու, որտեղ խոսելու ենք դրա մասին, գաղափարներ ենք փոխանակելու, որը մեզ հնարավորություն է տալու եւս մեկ անգամ գիտակցելու, որ առանց այս արժեքների չենք կարող ունենալ ժողովրդավարական Հայաստան»: