Ղարաբաղյան հակամարտության ընթացքում հիբրիդային բաղադրիչ միշտ էլ եղել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ սեպտեմբերի 30-ին հայտնել է ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով Երեւանում մեկնարկած ՀԱՊԿ միջխորհրդարանային լսումների ժամանակ։
Իհարկե, նրա խոսքով, սկզբում գերազանցել է ռազմական բաղադրիչը։ «Բայց 1994-ից մենք մշտապես գտնվել ենք հիբրիդային ազդեցության շրջանակներում, որտեղ մեծ տեղ էր զբաղեցնում տեղեկատվական ու քարոզչական տարրը։ Ես կարծում եմ, որ այս ընթացքում մենք մեզ բավականին հաջող ենք դրսեւորել ու պատշաճ կերպով պաշտպանել մեր շահերը։ Եթե խոսենք ապրիլյան պատերազմի մասին, ապա կարող ենք ասել, որ մենք շատ ավելի լավ դիրքերում էինք, քան Ադրբեջանը։ Դա հուսադրող է»,- շեշտել է Արման Սաղաթելյանը։