News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) հայտարարություն է տարածել, որտեղ քննադատել է հղիների նպաստները նվազեցնելուն ուղղված կառավարության նախաձեռնությունը: ՀԴԿ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Զարմացած, նաեւ` վրդովված ծանոթացանք «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքին, որով նախատեսվում է էապես կրճատել հղի կանանց համար նախատեսված` առանց այն էլ սուղ արտոնությունները: Մանրամասնությունների մեջ չմտնելով, փաստում ենք, որ ընտանիքներն ամրացնելուն, առանց այն էլ անկում ապրող ծնելիությունը խրախուսելու փոխարեն, երիտասարդ ծնողները նոր բարդությունների առաջ են կանգնում: Ծննդաբերության, նորածնին անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն ուղղված սոցիալական նպաստներն ավելացնելու փոխարեն, կառավարությունը գնում է «խնայողությունների», որը ոչ մի պարագայում արդարացված չէ, ավելին, այն հակասոցիալական է եւ հակաժողովրդագրարական:

Բազմիցս հայտարարել ենք եւ առաջարկել. երիտասարդ ընտանիքներին ծնելիությունը խթանող առավել արտոնություններ տրամադրել: Այդ թվում, նորածիներին խնամելու եւ մինչեւ երկու տարեկան հասցնելու համար մայրերին արտոնյալ սոցիալական եւ աշխատանքային պայմաններ ստեղծել, երեխա ունեցող ընտանիքներին բնակարան գնելու համար արտոնյալ անտոկոս վարկ տրամադրել, որը նաեւ կարող է` հաջորդ երեխայների ծնունդով համաչափ մարվել:

Ընդունված օրենքով մասնագիտական բարձր որակավորում ունեցող երիտասարդ կանայք զրկվում են մինչ այս իրենց համարժեք աշխատավարձից, դրանով կորցնելով երկու եւ ավելի երեխա ունենալու նյութական խթանը, որը նաեւ կարող է դառնալ երկրից հեռանալու պատճառ, քանի որ նման մասնագետները կարող են արտերկրից առավել գրավիչ առաջարկներ ստանալ:

ՀԴԿ-ն գտնում է, որ անհրաժեշտ է անհապաղ կասեցնել օրենքի կիրառումը եւ վերանայել այն հոդվածները, որոնք ուղղակի հարված են հասցնում երիտասարդ ընտանիքների նյութականին, երբեմն նաեւ խաթարում հոգեբարոյական մթնոլորտը:

Եթե իշխանությունները ականջալուր չլինեն մեր պահանջին, համոզված ենք ապագա ընտրողները կանեն համապատասխան եզրակացություններ:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հետեւողական է լինելու այս եւ նմանատիպ խնդիրները սոցիալական արդարության, դեմոկրատական սոցիալիզմի սկզբունքներին համազոր լուծելու գործում` ներկայացնելով իր ընտրողներին վարվող քաղաքականությանը հակընդդեմ ծրագիր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ