News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում քաղհասարակության գործունեության տարածքը կրճատվում է: Այս մասին հաղորդագրություն է տարածել  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«2013թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կայացված որոշմամբ Եվրասիական տնտեսական միություն մտնելու եւ դրան հաջորդած 2015թ. Սահմանադրական փոփոխությունների համատեքստում թե օրենսդրության, թե պրակտիկայի մակարդակում ՀՀ-ում զգալիորեն սահմանափակվել է քաղաքացիական հասարակության արդյունավետ գործունեության տարածքը եւ հնարավորությունը». այս մասին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Մարդկային ոլորտում հանձնառությունների իրականացման շուրջ 2017 թ. հանդիպման (HDIM) շրջանակում հայտարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը:

2017 թ. սեպտեմբերի 19-ի իր ելույթում՝ Ա. Սաքունցն անդրադարձել է ՀՀ-ում քաղաքացիական հասարակության գործունեության տարածքի կրճատման միտումներին: Վերջինս անդրադարձել է 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հարցում արձանագրված հետընթացին, հասարակական կազմակերպությունների մասին օրենքով հանրային շահը դատական ատյաններում ներկայացնելու սահմանափակումներին, այդ օրենքով ի սկզբանե սահմանված՝ պետության կողմից ՀԿ-ների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության ռիսկին, որը քննարկումների արդյունքում որոշվեց տարածել միայն պետության կողմից ֆինանսավորում ստացող ՀԿ-ների վրա:

2016 թ. մայիսին ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքով դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումների համատեքստում Ա. Սաքունցը նշել է, որ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների համար կանոնադրության մեջ մարդու իրավունքների մասին դրույթ ունենալու պահանջ է ներկայացվել, իսկ ԶԼՄ-ներին՝ սահմանափակ թվով լրագրողներ հավատարմագրելու պահանջ: Այս համատեքստում նշել է նաեւ հանձաժողովի անդամների քվեարկությամբ դիտորդին կամ ԶԼՄ ներկայացուցչին տեղամասից դուրս հրավիրելու իրավունքին, ինչպես նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից ընտրությունների արդյունքները բողոքարկելու կամ այլ բողոքներ ներկայացնելու իրավունք չսահմանելուն:

Իսկ փոփոխված ընտրական օրենսգրքում այլ անձի փոխարեն քվեարկության դեպքի մասին դիմում ներկայացնելու իրավունք ամրագրելու առնչությամբ նշել է, որ միաժամանակ դրա համար նաեւ սուտ մատնության հոդված է նախատեսվել ՀՀ Քրեական օրենսգրքում, ինչին եւս, Ա. Սաքունցի գնահատմամբ, կարելի է վերագրել ՀՀ ԱԺ 2017 թ. ապրիլի ընտրությունների ընթացքում այլ անձի փոխարեն քվեարկելու մասին միայն մեկ դիմում ներկայացված լինելու  հանգամանքը: Ա. Սաքունցն անդրադարձել է նաեւ, այսպես կոչված, «կեղծ» դիտորդական առաքելություններին, դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնություների եւ մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքերին: «Սասնա ծռեր» խմբի անդամների գործերով իրավապաշտպանության ինստիտուտի տարբեր օղակների սահմանափակումների համատեքստում Ա. Սաքունցը նշել է, որ 2017 թ. հունիսի 28-ին դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամներին բռնության ենթարկելուց հետո քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական դիտորդական խմբին արգելել են տեսակցել նրանց, իսկ նրանց փաստաբաններին ապօրինի խուզարկության են ենթարկում: Թեմայի շրջանակում անդրադարձ է եղել դիտորդություն իրականացնող խմբի գործունեությանն սպառնացող մեկ այլ ռիսկի եւս. ՀՀ Արդարադատության նախարարության օրենքի նախագծով ի սկզբանե առաջարկված, բայց չընդունված դրույթին, որով Նախարարությունն առաջարկել է Խմբի անդամներին ընդունել ոչ թե հենց Խմբի կողմից, այլ Արդարադատության նախարարության:

Տպել
Ամենաշատ