Իրաքի Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեից հետո իրավիճակը հանգիստ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էրբիլի հոգեւոր հովիվ տեր Արթուն քահանա Խալաթյանը:
«Իրավիճակն հանդարտ է, քաղաքի մեջ ոչ մի արտառոց բան չկա: Մինչեւ այսօր ոչ մի արտառոց բան չի եղել, այդ առումով էլ հայերի անվտանգության հետ կապված ոչ մի խնդիր չունենք»,-ասաց նա:
Արթուն քահանա Խալաթյանի խոսքով, Քուրդիստանի տարածքում ապրող քվեարկելու իրավունք ունեցող 600-ից ավելի հայերի մեծ մասը «այո» է քվեարկել հանրաքվեին. «Հայերը հիմնականում չեզոք դիրք ունեն այս հարցում, բայց հայերը եւս մասնակցել են հանրաքվեին եւ կողմ են քվեարկել»:
Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացվել, որի արդյունքում քվեարկության մասնակիցների 93 տոկոսը կողմ է քվերակել անկախացմանը: Պաշտոնական Բաղդադը չի ընդունում հանրաքվեի արդյունքները եւ արդեն հայտարարել է Էրբիլի հետ օդային հաղորդակցությունը դադարեցնելու մասին: